Սիրիան մտադիր չէ հանդուրժել Թուրքիայի գործողությունները

Սիրիայում տեղի ունեցող գործընթացները շարունակում են նորանոր երանգներ ստանալ: Նախ արդեն պարզ է, որ Սիրիայի կառավարությունը բնավ էլ մտադիր չէ հանդուրժել թուրքական կործանիչների գործողություններն իր տարածքում:
 
Փոխարտգործնախարար Ֆայսալ Մեքդադը հայտարարել է, թե թուրքական ցանկացած կործանիչ, որը հարձակում կգործի Սիրիայի վրա, կխոցվի իր երկրի զինուժի կողմից: Սա պատասխան է վերջին օրերին Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ձեռնարկած գործողություններին, որոնցով թուրքական կողմը փորձում է այնտեղի քրդերի դեմ ռազմական ուժ գործադրել:
 
Սիրիացի դիվանագետը պարզաբանել է, որ քրդական զորամիավորումների նկատմամբ թուրքական զինվորների ամեն հարձակում Սիրիայի իշխանությունները ագրեսիա կդիտարկեն և միջազգային իրավունքի խախտում կհամարեն (հաղորդել է «Վաշինգթոն փոստ»-ը):
 
Սիրիական հակամարտության բովում կարծես այս պահին Թուրքիային ամենաշատը անհանգստացնում են քրդերը և նրանց հետ համագործակցող ԱՄՆ-ը: Հունվարի 18-ից Միացյալ Նահանգներից հնչել է հստակ դիրքորոշում՝ իրենք մտադիր չեն Սիրիայից դուրս գալ: Եվս մեկը՝ ահաբեկչության դեմ պայքարը չի կարող ավարտվել, քանի դեռ Սիրիան Ասադն է ղեկավարում: Մի խոսքով՝ «Ասադը պետք է հեռանա» հին երգը: 
 
Քրդերի դեմ սուր ճոճող Թուրքիային, ինչպես երևաց, շատ հստակ պատասխանել է նաև Սիրիան: Այսքանով, սակայն, Սիրիային առնչվող տեղեկությունները չեն սպառվում: Հայտնի է դարձել, որ ՄԱԿ-ում վերաարծարծվել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցը, որը, հնարավոր է՝ մեծ գլխացավանքներ պատճառի Ասադի իշխանությանը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը հատկապես շեշտել է՝ այդ հարցում անպատժելիությունն անթույլատրելի է: