Ուկրաինա-Ռուսաստան. քանի՞ օր կարող է տևել ռազմական բախումը

Թե ինչպես եղավ, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ոչ միայն խոսքով, այլ նաև ծագումով ու պատմությամբ եղբայրական Ռուսաստանն ու Ուկրաինան թշնամիներ դարձան` քննարկելու հարց է: Իրականությունն այն է, որ թշնամությունը գնալով խորանում է, և չի բացառվում, որ մի օր վերածվի լայնածավալ պատերազմի: Համենայնդեպս նման մտքի կարելի է հանգել` ծանոթանալով Ուկրիանայի արտգործնախարարության նախկին խոսնակի փաստարկներին:

Օլեգ Վոլոշինը գնահատել է Ռուսաստանի հետ ենթադրյալ ռազմական բախման պարագայում Ուկրաինայի բանակի ներուժը: Դիվանագետի կարծիքով` եթե Ռուսաստանի Դաշնությունն իր ամբողջ ռազմական զորությունը գործի դնի, հատկապես օդուժն ու թևավոր հրթիռները, Ուկրիանայի բանակը կկարողանա դիմադրել ամենաշատը մեկ շաբաթ: Անգամ ամերիկյան արդիական զենքերի ներկրումը, ինչպիսիք, օրինակ, հակատանկային Javelin համալիրներն են, արդյունքի վրա ազդել չեն կարողանա:

-Դրանք չեն փրկի ոչ մի բանից` ո′չ ռուսական բանակային օդուժից, ո′չ թևավոր հրթիռներից, ո′չ հրետակոծությունից: Ես համոզված եմ, որ Ռուսաստանի դեմ պատերազմը մենք տանուլ կտանք ամենաշատը մեկ շաբաթում,- հայտարարել է Վոլոշինը:

Նա ասել է, թե Դոնբասում տեղի ունեցող բախումները` անգամ բազմաթիվ զոհերի պարագայում, չի կարելի համարել լայնածավալ պատերազմ: Այնտեղ հարվածելու բոլոր հնարավոր միջոցները չէ, որ կիրառվում են:

Այն հանգամանքը, որ Վոլոշինի խոսքերը տարածել են ռուսական լրատվամիջոցները, դիվանագետի ազգանունն էլ ռուսական է, կարող է կասկած առաջացնել, թե նրա բերանով Ռուսաստանը սպառնում ու զգուշացնում է Ուկրաինային: Նշանակո՞ւմ է սա արդյոք, թե մոտ ապագայում աշխարհի տվյալ հատվածում կարող են արյունալի բախումներ լինել` ծնունդ տալով նոր իրավիճակների: ՌԴ-ում այժմ նախագահական ընտրությունների քարոզարշավ է: Իսկ նախընտրական շրջանը նման գործողությունների համար թե՜ դրդող, թե՜ զսպող հանգամանք է` նայած ընտրվողին ի՞նչն ավելի մեծ կշիռ կհաղորդի:  

Մնում է` Ուկրիանայում իրավիճակը համարժեք գնահատեն: Սակայն, ելնելով անցած երկու-երեք տասնամյակում այնտեղ կատարվող գործընթացներից` դժվար է նման բան ակնկալել: