Ապագայի խանութներն արդեն ուրվագծվում են

Երբ ԽՍՀՄ-ը պատմության գիրկն անցավ, և կամաց-կամաց անհետացան նաև պետական խանութներն ու կրպակները, Հայաստանում նախ պստիկ սեղանիկներ հայտնվեցին (դրանց «քավորասեղաններ» էին ասում): Հետո դրանք վերածվեցին հազիվ մարդաբոյ կրպակների, ապա ի հայտ եկան շատ թե քիչ խոշոր խանութներ, իսկ այսօր արդեն հասել ենք մի իրավիճակի, երբ ուղղակի խեղդվում ենք սուպերմարկետների առատությունից: Մանավանդ՝ դրանցից և, ընդհանրապես, խանութներից գնումներ կատարել կարողացողների քանակը գնալով նվազում է:
 
Թե սեղանիկատեր ու կրպակատեր հազարավոր մանր ձեռներեցների համար ինչ արդյունք ունեցավ այս համատարած սուպերմարկետայնացումը՝ ամենալավը հենց իրենք կիմանան: Պարզ է՝ քչերը կարողացան մեջքներն ուղղել: Իսկ ահա բարձր տեխնոլոգիաների մեր դարում  արդեն խոսվում է առևտրի նորագույն կետերի ստեղծման հեռնկարի մասին: Կետեր, որոտեղ հարկավոր չեն ո՛չ գանձարկղ, ո՛չ վաճառող: 
 
Աշխարհում առաջին «խելացի խանութի բացումը» ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում նշանակված էր հուվարի 22-ին: «Կոմերսանտի» փոխանցմամբ՝ այն բացել է «Ամազոն առցանց-մանրավաճառը»: Խանութը նախագծվել է մեկ տարի շարունակ և ստացել է Amazon Go անունը: Այնտեղ մուտք գործելու համար հարկավոր է գործարկել հայտը և սմարթֆոնը պտուտակադռնակին հպելով՝ սքանավորել QR կոդը: Դարակներից գնորդի վերցրած, ինչպես նաև զննած և հետ դրած ապրանքները կամրագրեն տեսախցիկներն ու  հատուկ տվիչները: Իսկ երբ գնորդն արդեն խանութից դուրս գալիս լինի, գնումների համար անհրաժեշտ դրամի գումարը ինքնաբերաբար դուրս կգրվի նրա բանկային քարտից, որը միացված կլինի Amazon-ի հաշվին:
 
Ելնելով նրանից, թե նման նորություններն ինչպիսի արագությամբ են տարածում գտնում ամբողջ աշխարհում, և Հայաստանն էլ ոչ մեկից հետ չի մնում, պետք է ենթադրել, որ շուտով եղած սուպերմարկետներում արդեն ո՛չ գանձարկղ կգործի, ո՛չ վաճառող ու հսկիչ կաշխատի: Իսկ գնորդները չեն կարողանա ոչինչ գնել, եթե չունեն բանկային հաշիվ ու սմարթֆոն: Կամ՝ գրեթե ոչինչ: Ամեն դեպքում՝ արժե այսօրվանից սրա մասին մտածել, թե չէ վաղը շատերը կարող են գնողունակությունից 0 ստանալ: 
 
Աշխարհը զարգանում է, ի՞նչ կարող ես անել, իսկ զարգացումը, ինքնին հասկանալի է, զոհեր է պահանջում: