Իրանի հետ միջուկային պայմանագիրը հանգիստ չի տալիս նաև Իսրայելին

Իրանի հետ միջուկային պայմանագրի վերանայման անհրաժեշտությունը հանգիստ չի տալիս որոշ երկրների: Մինչև այժմ այդ մասին խոսում էր ԱՄՆ-ը, այժմ էլ ահա Իսրայելի Վարչապետ Բենիամի Նաթանյահուն է բարձրաձայնել: (Ճիշտ է՝ Իսրայելն այդ պայմանագրի կողմ չէ՝ ի տարբերությունի ԱՄՆ-ի):
 
Շվեյցարական Դավոսի տնտեսական համաժողովին մեկնելուց առաջ նա հայտարարել է, որ մտադիր է այնտեղ Ֆրանսիայի նախագահ Մակրոնին ու Գերմանիայի կանցլեր Մերկելին զգուշացնել, թե նրանք ընդամենը մի քանի շաբաթ ունեն, որպեսզի հասցնեն էական փոփոխություներ մտցնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) դրույթներում:
 
- Ես թռչում եմ Դավոս, որտեղ այլ ղեկավարներից բացի, կհանդիպեմ նաև Մակրոնի և Մերկելի հետ: Նրանց կասեմ, որ առաջիկա շաբաթներին դեռ հնարավորություն ունեն Իրանի հետ վտանգավոր միջուկային գործարքում էական, այլ ոչ թե շպարող փոփոխություններ մտցնել,- նշել է նա:
 
Նաթանյահուի խոսքով՝ ցանկացած դեպքում՝ համաձայնագրով կամ առանց համաձայնագրի, Իսրայելի քաղաքականությունն է կանխել Իրանի ահաբեկչական վարչակարգի տրամադրության տակ միջուկային զենքի առկայութունը, որը կվտանգի Իսրայելը, Մերձավոր Արևելքը և ողջ աշխարհը:
 
Այն, որ աշխարհում ցանկացած ռազմական գործողություն ու միջամտություն հնարավոր է մատուցել ահաբեկչության դեմ պայքարի «ոսկե սկուտեղով»՝ արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ: Վկան՝ Թուրքիայի գործողությունները Սիրիայի քրդերի դեմ: 
 
Պատահականություն է, թե ուղղակի պատասխան՝ Իսրայելի վարչապետի մամուլի ծառայության տարածած այս հայտարարությանը զուգընթաց հնչել է նաև Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանիի խոսքը՝ Al-Alam հեռուստաալիքի եթերում:
 
- ԳՀՀԾ-ն սպառիչ և անբաժանելի փաստաթուղթ է, դրա վերաբերյալ բանակցությունների վերսկսման նոր հնարավորություն չկա,- ասել է իրանցի պաշտոնյան:
 
Նա նաև շեշտել է, որ տարածաշրջանում Իրանի ձեռնարկած գործողությունները չեն հակասում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն փորձում է տարածաշրջանում Իրանի գործունեության մասին սխալ պատկերացում ստեղծել:  
 
Մինչև այժմ միջուկային պայմանագրի վերանայմանը կրականապես դեմ են արտահայտվել թե՛ Գերմանիան, թե՛ Ֆրանսիան: Թե ինչպես կհաղթահարեն ԱՄՆ-ի ու արդեն նաև Իսրայելի այս ճնշումները՝ դա էլ ժամանակը ցույց կտա: Ակնհայտ է, որ եթե նրանք տեղի տան, հետևանքները միայն բացասական կլինեն: Օրինակ, խոսվում է այն մասին, որ դա Իրանի ձեռքերը պարզապես կարձակի, և այդ երկիրը կսկսի մեծ թափով զարկ տալ իր միջուկային ծրագրերին: