Դավոսյան կոչերը կարո՞ղ են աշխարհը դեպի լավը փոխել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Դավոսի տնտեսական համաժողովում խոսել է Եվրոպայի առաջիկա տասը տարիների ռազմավարության մասին: Նրա կարծիքով` Եվրոպան պետք է ամբողջությամբ վերանայի իր զարգացման ռազմավարությունը, քանի որ «աշխարհի մասնատումից խուսափելու համար ուժեղ Եվրոպա է հարկավոր»:

- Մենք ուժեղ Եվրոպայի կարիք ունենք, որպեսզի հնարավորություն ստանանք ներգրավվել աշխարհի գործընթացներին: Իմ կարծիքով` մենք պետք է տասը տարվա մեր ռազմավարությունը փոխենք այն հարցերում, որոնք վերաբերում են տնտեսությանը, սոցիալական խնդիրներին, գիտությանն ու քաղաքականությանը,- Մակրոնի խոսքն է տարածել համաժողովի պաշտոնական կայքում հեռարձակված տեսանյութը: 

Ընդ որում, Մակրոնը նաև գործնական առաջարկ է արել` մինչև 2018թ. ավարտը մշակել առաջիկա տասը տարվա ընդհանուր ռազմավարությունը:

- Դա նրա համար է հարկավոր, որպեսզի մեր ժողովուրդներին և մնացած բոլորին ցույց տանք նոր ուժը, որը կարող է համագործակցել մյուսների հետ,- ընդգծել է նա: 

Հիշեցնենք, որ Համաշխարհային տնտեսական համաժողովի բացման օրն էլ հյուրընկալ երկրի`  Շվեյցարիայի նախագահն էր կոչ արել 2018թ. դարձնել աշխարհի երկրների համագործակցության տարի, որպեսզի հնարավոր լինի կախել ցնցումների և անկայության վտանգները:

Դավոսում կոչերից զերծ չի մնացել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա Եվրամիությանը կոչ է արել միջազգային խոշոր խաղացողների տարաձայնությունների համապատկերին ապահովել արտաքին քաղաքականության միասնականությունը:

- Եվրամիության միասնական արտաքին քաղաքականությունը դեռևս բավարար չափով զարգացած չէ։ Եթե 27 երկրները ի վիճակի չլինեն միասնական ազդակներ ուղղել խոշոր պետություններին, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, եթե արտաքին քաղաքականությունն իրականացվի միայն ազգային մակարդակով, մենք համամոլորակային խաղացող դառնալ չենք կարող,- ասել է նա։

Հնչող կոչերը, խոսք չկա, մարդասիրական են ու նաև տրամաբանական: Հարցը միայն այն է, թե քանի՞ երկիր դրանց կանսա և կփորձի իր սեփական շահը փնտրել ընդհանուրի բարօրության համապատկերին: Սրա համար պետությունների ղեկավարների շրջանում պետք է մտածողություն փոխվի. նրանք, նրանց հետ էլ իրենց քաղաքացիները պետք է սկսեն այլ կերպ մտածել ու ըստ դրա գործել: Ու չի բացառվում, որ միջազգային ամբիոններից տեղին ասված ու փաստարկված կոչերն այդ գործում որոշակի դեր խաղան: