Մի՞թե առաջին կեղծ լուրը դրախտում է մարդու ականջին հասել

Հնարամիտ և ստեղծագործական շնորհներով օժտված մարդը միշտ էլ կարողանում է դարերով ընդունված կաղապարներից դուրս գալ և իր գործին թարմ շունչ հաղորդել:

Հաղորդակցության միջազգային օրվա առթիվ պատարագ մատուցող Հռոմի պապ Ֆրանցիսկոսի խոսքը այս շրջանակում լիովին տեղավորվում է:

Վատիկանի գլխավոր դեմքը գտել է աստվածաշնչյան առասպելն ու մերօրյա կեղծ լուրերի հեղեղն իրար կապող թելը և մարդու առաջին մեղքի օրինակով ցույց տվել, թե որքան վտանգավոր են դրանք:

Լրագրողների հովանավոր համարվող Սբ. Ֆրանցիսկոս Սալիին նվիրված խոսքում Պապը կեղծ լուրեր տարածելը համեմատել է Եվային մեղսագործության մղող օձի արաքի հետ: Ըստ նրա` առաջին կեղծ լուրի հեղինակը հենց այս օձն է:

-Նրա կեղծ հաղորդման հետևանքը մարդու ողբերգական մեղսագործությունն է,- նշել է քահանայապետը:

Նա շեշտել է, որ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները պարտավոր են գործուն կերպով հակադարձել ԶԼՄ-ներով ակնհայտ սուտ լուրերի տարածմանը:

- Մենք բոլորս դրա համար պատասխանատվություն ենք կրում,- նշել է Ֆրանցիսկոս Պապը:

Հնարավոր է` նա սեփական փորձից ելնելով է հավատացյալների ուշադրությունը կեղծ լուրերի վրա հրավիրում: Ամեն դեպքում` նրա նախազգուշացումն, իրոք արդիական է:

- Անվնաս ապատեղեկատվություն չի լինում: Իրականության նույնիսկ աննշան թվացող աղավաղումը կարող է ծայր աստիճանի վտանգավոր լինել,- Վատիկանի կայքի փոխանցմամբ` ասել է նա:

Կրոնը` կրոն, Աստվածաշունչն էլ` Աստավածաշունչ, սակայն որ իրոք կեղծ լուրերն ու ապատեղեկատվությունը այսօրվա աշխարհը քանդող ամենահզոր զենքն են` համոզված են անգամ նրանք, ովքեր դրանց սրբորեն հավատում են:

Հենց այս տրամաբանությամբ էլ, ուրեմն, բացառված չէ, որ մեզ հասած Ադամի ու Եվայի առասպելը Ադամի ու Եվայի առասպելը նույնպես աղավաղված ու ապակողմնորոշող է: Ասել է թե` արժե գնահատել լուրի իսկությունն ու մեկնաբանության հիմնավորվածությունը: Որպեսզի հնարավոր լինի խուսափել այս անգամ արդեն Երկիր մոլորակ-դրախտից զրկվելու սպառնալիքից: