Կորեական «Բեռլինի պատը» կարծես սկսել է երերալ

Հյուսիսային Կորեային դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների համապատկերին ուշագրավ է այնտեղից հնչած կոչը: ԿԺԴՀ Կենտրոնական հեռագրական գործակալության կայքում հրապարակվել է մի հայտարարություն, որտեղ աշխարհի բոլոր կորեացիներին կոչ է ուղղվում՝ միավորվել հանուն զարգացման և համագործակցությունն ամրապնդելու:
 
Կոչի մեջ կարևորվել է երկու Կորեաների քաղաքացիների ազատ տեղաշարժվելու հնարավորությունը, որը եթե իրականություն դառնա, կնպաստի ամբողջ թերակղզու խաղաղությանը: ԿԺԴՀ-ից հնչած հայտարարությունը թերակղզու հյուսիսային և հարավային պետությունների  միավորման գլխավոր խոչընդոտ է համարել ռազմական լարվածությունը: 
 
Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ միջուկային ծրագրերին զարկ տվող Փհենյանում միջազգային մեկուսացումից վախեցել և սկսել են ելքեր որոնել: Հիշեցնենք, որ մեկ-երկու օր առաջ վերստին պնդումներ եղան, թե Հյուսիսային Կորեային երբեք որպես միջուկային տերություն չեն ճանաչի, և նրա դեմ պատժամիջոցների խստացման նոր ծրագիր ներկայացվեց: 
 
Իսկ գուցե պարզապես կորեացիները հասկանում են, որ մեկ ազգ լինելով, միասնական մշակույթ ունենալով ու որպես մեկ միասնություն՝ բազմադարյա ճանապարհ անցնելով՝ այսօր չպետք համահարթեցման հեղեղի դեմ առանձին-առանձին կռվեն: Չէ՞ որ այդ կերպ ավելի հեշտ կձուլվեն միօրինակացող աշխարհին ու կդադարեն հենց կորեացի լինել: Աշխարհն էլ դրանով կզրկվի իր բազմազանության մի կարևոր երանգից: 
 
Հնարավո՞ր է արդյոք, որ այս հայտարարությամբ մի նոր «բեռլինյան պատ» է վերանալու՝ միջազգային խաղացողներին ապացուցելով, որ ամբողջի մասերը միշտ իրար են ձգտում ու մի օր գտնում են միավորվելու ճանապարհը: Եվ եթե Կորեան երկու մասի է բաժանված, ապա հայոց աշխարհը փշուր-փշուր եղած ափսեի է նման: Երեկ Բեռլինի պատը վերացավ, վաղը գուցե Կորեական թերակղզին միասնական դառնա, մյուս օրն էլ հերթը կարող է հայության միավորմանը հասնել: Չէ՞ որ երկու-երեք ամիս առաջ ոչ մեկի մտքով չէր անցնի, թե «երկաթե վարագույրով» աշխարհից անջրպետված ԿԺԴՀ-ից նման ողջամիտ կոչ կհնչի: