Ահաբեկիչների դեմ կռվո՞ւմ է, թե՞ ահաբեկություն է իրականացնում

Սիրիայի քրդաբնակ Արֆինի վրա թուրքական զինուժի հարձակման ընթացքը ցույց է տալիս, որ արդեն եվրոպական հանդերձանքով պճնված ու «կրթված» թուրքը անցած հարյուր տարում ոչ մի չափով քաղաքակիրթ չի դարձել: 
Ռազմական գործողությունների թեժ կետերից հասնող տեղեկությունները վկայում են, որ «ահաբեկիչների դեմ կռվող» թուրքական բանակն իսկական ահաբեկիչների նման թե՛ խաղաղ բնակիչների է սպանում ու անգամ գլխատում, թե՛ մշակութային արժեքներ է ոչնչացնում:
 
Սիրիայի մայրաքաղաքում հայտարարել են, որ հունվարի 28-ին՝ քրդերի դեմ ռազմական գործողությունների ժամանակ, թուրքական ուժերը ոչնչացրել են երկաթի դարի ժամանակաշրջանին վերագրվող Այն Դարա տաճարը:  Այդ մասին հայտարարել են  Սիրիայի կառավարությունը, ինչպես նաև մի ռազմական դիտորդ: Սիրիայի կառավարությունը կոչ է արել Թուրքիայի վրա միջազգային ճնշում գործադրել, որպեսզի հնագիտական ու մշակութային հուշարձանների գնդակոծումը դադարեցվի:
 
Իսկ միջազգային ատյաններն ու տարբեր պետություններ հենց զբաղված են Թուրքիային սոսկ կոչեր ուղղելով, որպեսզի դադարեցնի  Սիրիայի քրդերի դեմ ռազմական գործողությունները: Բայց երևում է՝ Թուրքիան բոլորի ատամներն էլ լավ հաշվել է ու կարողանում է բոլորին հաջողությամբ անտեսել և իր սև գործն առաջ տանել: Ախր նրանցից ամեն մեկը տարածաշրջանում իր շահերն ունի, իսկ որ Հայոց ցեղասպանության մեղսակից քրդերը հիմա իրենք են ցեղասպանության ենթարկվում՝ ո՞ւմ է հետաքրքրում: Կարևորը կոչ ուղղելն ու երբեմն էլ դատապարտելն է:
 
Թուրքիայում, սակայն, ամեն դատապարտող խոսք չէ, որ հանդուրժում են: Ում ձեռքները հասնում է՝ պարզապես ազատությունից զրկում են: Հայտնի է դարձել, օրինակ, որ այնտեղ արդեն ձերբակալել են 311 մարդու, որովհետև նրանք Արֆինի դեպքերին հավանություն չտվող գրառումներ են արել սոցկայքերում: Այսպիսով, նրանք, ովքեր Թուրքիայի  ահաբեկչական գործողությունները «ուռա»-ով չեն ողջունել՝ «ահաբեկչություն քարոզելու» մեղադրանքով հայտնվել են թուրքական բանտերում: Ուրֆայից ընտրված քուրդ պատգամավոր Օսման Բայդեմիրի դեմ էլ այդ քաղաքի դատախազությունը հետաքննություն է սկսել, քանի որ նա համարձակություն է ունեցել Արֆինի գործողությունները բռնազավթում որակել:
 
Իսկ աշխարհի թուրքերը, ասում են, ոգևորված են Էրդողանի կառավարության ռազմատենչ գործողություններով ու տարբեր քաղաքներում իրենց զանգվածային հավանությունն են արտահայտում: Ու ոչինչ չի փոխվելու՝ քանի դեռ աշխարհում հստակ չեն տարորոշել, թե ո՞ր ուժերն են իրական ահաբեկիչները, որո՞նք են ահաբեկչության դեմ պայքարի կեղծ պատրվակով անարգել սպանում ու թալանում, զավթում ու սեփականում: 
 
Ժամանակն է, որ ահաբեկիչ լինելը որոշվի ճշգրիտ չափորոշիչներով ու գերարդիական սարքերով. չէ՞ որ մարդու սուտը բռնող դետեկտորները վաղուց նորություն չեն: