Մարդը ճշմարտությունը լավ է ընկալում միայն մայրենի լեզվով

Ուշագրավ փաստեր է երևան հանել անգլիացի գիտնականների նոր հետազոտությունը` մայրենի և օտար լեզուների ընկալումների վերաբերյալ:

Պարզվում է` ճշմարտությունը մարդ առավել հստակ ընկալում է, երբ այն իրեն մատուցվում է մայրենի լեզվով: Սրա վերաբերյալ իրենց ուսումնասիրության արդյունքները The Conversation (Խոսք) հանդեսում հրապարակել են հեղինակներ Մանոն Ջոնսը (Բանգորի համալսարան) և Սերի Էլիսը (Մանչեստրի համալսարան):

Գիտնականները պարզել են, որ երկլեզվակիր անձինք (բիլինգվիստները) հաճախ են հայտնում, թե «հաղորդակցության մի գործիքից» մյուսին անցնելիս` իրենք տարբեր զգացողություններ են ունենում:

Օրինակ, մի մարդ գերմաներենը կարողացել է օգտագործել տանը` ընտանիքի հետ շփումներում, իսկ անգլերենը` միջազգային իրավաբանի իր աշխատանքում: Ընդ որում` լեզվի նման ենթատեսքտային փոփոխությունները ոչ միայն արտաքին դրսևորումներ են, այլև ուղեկցվում են իմացական, ճանաչողական և հուզական առանձնահատկություններով: Բանն անգամ լեզվի իմացության աստիճանը չէ. մարդը կարող է հավասարաչափ տիրապետել երկու տարբեր լեզուների:

- Ավելի պարզ ասած` իրականության զգացողությունն իսկ որոշվում է լեզվի սահմաններով, որով նա խոսում է,- նշում են աշխատանքի հեղինակները:

Հրապարակման հեղինակներն իրենց նկատածը հիմնավորելու համար հետևյալ գիտափորձն են արել: Նրանք անգլերենին և ուելսերենին հավասարապես տիրապետող մարդկանց առաջարկել են որակավորել երկու լեզուներով իրենց առաջարկված նույն նախադասությունները: Բոլոր փորձարկվողները մանկությունից ուելսերեն են խոսել և իրենց ուելսցի են համարել: Առաջարկված նախադասությունների մի մասը դրական, մյուսը` բացասական բովանդակություն է ունեցել, մի մասը արտացոլել է իրականությունը, մի մասը` սուտ պնդումներ է պարունակել:

Ահա այդ նախադասություններից մեկական նմուշ:

«Մեր երկրում լեռնային հանքարդյունաբերությունը համարվում է տնտեսության հիմնական և արդյունավետ ճյուղ»: Սա դրական բովանդակություն է արտահայտում և ճիշտ է:

«Ուելսը բարձրորակ թերթաքարի շերտեր է արտահանում աշխարհի բորոր երկրներ»: Սա իմաստով դրական է, սակայն ճշմարտությանը չի համապատասխանում:

«Պատմաբանները ապացուցել են. մեր երկրում հանքափորները անընդհատ շահագործվել են»: Որքան էլ բացասական, սակայն ճշմարիտ պնդում է:

«Հանքափորների աշխատանքային վատ պահվածքը խաթարել է մեր երկրի հանքարդյունաբերությունը»: Բովանդակությունը բացասական է, պնդումը` սխալ:

Երբ փորձարկվողները նախադասությունները դասդասելիս են եղել, նրանց գլուխներին էլեկտրոդներ են ամրացվել, որպեսզի բացահայտվեն ծածուկ արված մեկնաբանությունները: Եվ նկատել են. եթե  նախադասությունները դրական իմաստ են արտահայտել, ապա փորձարկվողները որոշ չափով կանխակալ են եղել և դրանք ճշմարիտ են համարել (անգամ` երբ դրանք սուտ են եղել): Այսպես է եղել երկու լեզվի դեպքում էլ: Իսկ երբ նախադասությունները բացասական իմաստ են ունեցել, ապա ընկալումը կախված է եղել նրանից` դրանք ուելսերենո՞վ են ներկայացված, թե՞ անգլերենով:

Ուելսերենով ներկայացվածների հանդեպ նրանք պակաս կանխակալ են եղել և դրանք ճշմարտացի են մեկնաբանել: Դրա համար էլ նրանք որոշ տհաճ պնդումներ ճշմարիտ են համարել: Իսկ ահա անգլերեն նույն նախադասություններում ժխտել են տհաճ պնդումների իսկությունը և հիմնականում  դրանք որակավորել են որպես սխալ` թեև այդպիսիք չեն եղել:

Այսպիսով, ուսումնասիրությունը ցույց է տվել, թե ինչպես է լեզուն փոխգործակցվում հույզերի հետ` անհամաչափ ազդեցություն գործելով փաստերի մեկնաբանության վրա: Մարդու մայրենի լեզուն սերտորեն կապված է նրա հույզերի հետ, իսկ երկրորդ լեզուն առնչվում է առավել նպատակահարմար մտածողությանը: Ահա թե ինչու մայրենի լեզվով կարդացածի մեջ մարդը ճշմարտությունը ընկալել է, իսկ երկրոդ լեզվով կարդացածում ճիշտ է համարել այն, ինչը նպատակահարմար է գտել:

Օտար լեզվի դերն այսօր այնքան է ուռճացվել` շատերը մայրենի լեզուն սովորելն անգամ ավելորդ են համարում, քանի որ դրանով չեն կարողանա իրենց համար օրինակ անգլերենի չափով հաղորդակցություն պահովել:

Եվ ուրեմն ի՞նչ է ստացվում. աշխարհի բնակչության մեծամասնությունը տեղեկատվություն է ստանում իրեն օտար լեզվով, դրա համար էլ ամեն ինչ ընկալվում է` սեփական նպատակահարմարությունից ելնելով: Սա չէ՞, արդյոք, պատճառը, որ ճշմարտություն ասվածը մեր աշխարհում  այսքան խեղաթյուրվել է ու մարդկության համար կործանումի արահետ բացել: