Գող՝ սիրտը դող

Հույները յուրօրինակ վրեժ են լուծել Թուրքիայի առափնյա անվտանգության ծառայության հարուցած արգելքի համար:
 
Մի քանի օր առաջ լրատվամիջոցները տարածեցին լուրը, թե Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը մտադիր է եղել մուտք գործել Քարդաք վիճելի կղզու ջրային տարածք, որպեսզի ծաղկեպսակ դնի դրա ժայռերին: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե թուրքական կողմի նախազգուշացումից հետո հունական մոտորոնավակը հեռացել է «թուրքական ջրային տարածքից»:
 
Եվ ահա երեկ՝ հունվարի 31-ին Machitis անունով հունական պարեկային նավը Էգեյան ծովում նավարկելիս մոտեցել է թուրքական Իզմիր նահանգի Քարաբուրուն թերակղզու սահմաններին, իսկ նավի վրա Հունաստանի պետական դրոշի կողքին ծածանվել է նաև Բյուզանդական կայսրության դրոշը: Սա բուռն արձագանք է առաջացրել Թուրքիայում, anahaber.com.tr կայքն էլ գրել է, թե տվյալ պահին թուրքական նավերը զորավարժություններ իրականացնելիս են եղել, սակայն կողմերի միջև բախում չի գրանցվել: Թուրքական մամուլում միջադեպը «հունական սադրանք» որակումն է ստացել:
 
Թուրքերից լավ ո՞վ կիմանա, թե որն է սադրանք. չէ՞ որ նրանք դրա մեծ վարպետն են: Իսկ ահա հունական կողմն ըստ երևույթին Թուրքիային ցանկացել է հիշեցնել, թե իրականում ում ջրերում է նա տերուտնօրեն զգում ու նախազգուշացնել, որ պատմության անիվը յուրովի հետ պտտվելու հատկություն ունի: 
Իրարանցումը, որն այս միջադեպն առաջացրել է Թուրքիայում, վկայում է, որ հոխորտալով հանդերձ՝ այնտեղ մշտապես ապրում են վախը սրտում, թե մի օր ստիպված են լինելու իրական տերերին վերադարձնել ամբողջ «գողոնը»՝ հարկադրված լինելով ընդմիշտ ձերբազատվելով «մեծ Թուրանի» հակամարդկային երազանքից:
 
Իսկ մինչ այդ Արֆինում Թուրքիայի գործողությունների վերաբերյալ նախազգուշացում է հնչեցրել Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Թուրքիան պետք է իր գործողությունները համակարգի դաշնակիցների հետ և սահմանափակվի ահաբեկչության դեմ պայքարով: Ապա ընդգծել է, որ իրավիճակն իրապես խնդրահարույց կդառնա, եթե պարզվի, որ Թուրքիայի գործողությունները նոր փուլ են թևակոխում և ուղղված չեն սահմանին ահաբեկչության իրական սպառնալիքը կանխելուն: 
 
Թուրքիային Եվրամիության կազմում տեսնել չի ուզում եվրոպական մեկ այլ պետության առաջնորդ ևս՝ Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը, ով հայտարարել է, որ Թուրքիան չպետք է դառնա Եվրամիության անդամ: 
 
- Թուրքիան չպետք է դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ պետք է նրա հետ ռազմավարական համագործակցություն զարգացնել,- ասել է Բելգիայի վարչապետը՝ շեշտելով, որ ԵՄ-Թուրքիա հարաբերություններն այժմ շատ բարդ փուլի միջով են անցնում:
 
Թուրքական «Աքշամ» պարբերականը Միշելի այս հայտարարությունը կոչել է սկանդալային: Մինչդեռ Բելգիայի վարչապետի հայտարարության հիմքում դրված է 2017թ. ապրիլի 25-ի ԵԽԽՎ օրինագիծը, որը վկայում է վերջին շրջանում Թուրքիայում նկատվող մարդու իրավունքների, մամուլի ազատության, օրենքի գերակայության ոլորտների հետընթացը: