Սոցցանցերի լրտեսական ներուժը

ԱՄՆ-ի զինվորականների և ռազմական հենակետերի տեղադրությունը հասարակության սեփականությունն են դարձել՝ շնորհիվ առողջ ապրելակերպի Strava հավելվածի: Սա սմարթֆոնների համար նախատեսված ծառայություն է, որը հնարավորություն է տալիս հաղթահարած տարածությանը հետևել արբանյակների միջոցով: Այդ հավելվածից ամբողջ աշխարհում 27 մլն. մարդ է օգտվում:
 
«Վաշինգտոն փոստը» գրել է, թե ամերիկյան զինվորներն անգամ չեն էլ կասկածում, որ վազքի ժամանակ ռազմական գաղտնի տեղեկություններ են բացահայտում: Իսկ ահա օգտատերերի ուշադրությունը գրավել են իրենց կայքում տեղադրված ինտերակտիվ քարտեզին առկա ակտիվ գոտիները, երբ հասկացել են, որ դրանք ռազմական թեժ գործողությունների շրջաններ են, այդ թվում՝ Սիրիայում և Աֆղանստանում: Պարզվել է, որ հավելվածը հետևել է ոչ միայն այն տարածությանը, որն անցել են առողջ ապրելակերպի սիրահարները, այլ նաև զինվորական պարեկների տեղաշարժերը, ինչպես նաև ռազմական գաղտնի հենակետերի տեղադրությունը:
 
Տվյալ հավելվածի GPS-ը հնարավորություն է տալիս հետևել վազորդների, հեծանվորդների, դահուկորդների, լեռնագնացների և  մարզական այլ ձևերի սիրահարների վազքին, մրցելույթներին ու արշավներին, վերլուծել ֆիզիկական ակտիվության ցուցանիշները, որոնք հավաքում են Fitbit-ի կարգի ֆիթնես-հետազոտիչները: Անցած տարեվերջին տեղադրված Global Heat Map քարտեզի վրա լուսավորվում են այն շրջանները, որտեղ ցանցի օգտատերերը մարզումներ ու մրցույթներ են անցկացնում: Իսկ երբ պատկերը մեծացնում են, տեսանելի են նույնիսկ հետիոտնների ու հեծանվորդների բացած կածաններն ու արահետները: 
 
Մի քանի օր առաջ ավստրալացի 20-ամյա ուսանող Նաթան Ռազերը դրանց վրա ուշադրություն է դարձրել՝ ցանկանալով ստուգել, թե քարտեզը ցույց կտա՞ արդյոք Սիրիայում գտնվող ամերիկացի զինվորների մարզական առօրյան: Արդյունքը նրան այնպես է շշմեցրել, որ իր բացահայտման մասին անմիջապես գրառում է արել «Թուիթերում»՝ գրավելով շատ երկրների վերլուծաբանների, զինվորականների, փորձագետների ուշադրությունը: «Թուիթերի» օգտատերերն սկսել են տեղեկատվություն փոխանակել, մեկը նկատել է Մոգադիշոյի (Սոմալի) լողափին տեղադրված՝ ԿՀՎ-ի ենթադրյալ հենակետի վազքուղիները, մեկ ուրիշը՝ Եմենում տեղակայված Patriot Զենիթահրթիռային համակարգը, իսկ «Նյու Յորքեր» հանդեսի լրագրողը՝ ամերիկյան հատուկջոկատայինների օպերատիվ հենակետերի տեղադրությունը աֆրիկյան Սահել տարածքում:
 
Պատահածին իսկույն արձագանքել է Պենտագոնը: ԱՄՆ զինուժի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ գնդապետ Ջոն Թոմասի խոսքով՝ Պենտագոնն ուսումնասիրում է այդ քարտեզի հնարավոր հետևանքները: Անվտանգության գծով միջազգային փորձագետ Թոբիաս Շնայդերն էլ հայտարերել է, թե տվյալ քարտեզը անվտանգության ակնհայտ սպառնալիք է:
 
Բնականաբար՝ սպառնալիք է և ոչ միայն ԱՄՆ-ի անվտանգությանը: Նման բացահայտումները կարող են անվերահսկելի իրավիճակ առաջացնել շատ պետությունների համար: Միաժամանակ, սակայն, չի բացառվում, որ օգնեն՝ կանխելու մեծագույն վտանգները: