Իրաքում այլևս քիմիական զենք չկա

Մերձավոր Արևելքում վերջին տարիներին ընթացող պատերազմի սարսափներից մեկը քիմիական զենքի գործադրումն էր: Դա նշանակում է, որ Սիրիայում, Իրաքում զանգվածային ոչնչնացման այդ զենքի պաշարներ կային, և առողջ տրամաբանությունը պահանջում էր ձերբազատվել դրացից: Հունվարի 31-ին Իրաքի իշխանությունները հայտարարել են, թե իրենց երկրում  քիմիական զենքի ամբողջ պաշարը վնասազերծված է:
 
Լավ լուրը հայտնել է Իրաքի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Աբդել Ռազաք ալ-Իսան, իսկ նրա խոսքը փոխանցել է Al Sumaria հեռուստաալիքը:
 
- Մենք աշխարհին հայտարարում ենք, որ Իրաքը մի երկիր է, որտեղ կյանքին սպառնացող ոչինչ չի մնացել այն բանից հետո, երբ մեր նախարարությունը կատարել է իր առաջադրանքը: Իրաքը քիմիական զենքի մնացորդների ոչնչացման իր միջազգային պարտավորությունները կատարել է,- ասել է նախարարը: 
 
Ճիշտ է, կառավարությունը դեռևս պետք է քիմիական զենքի ոչնչացման ծրագրի վերաբերյալ հետաքննություն անցկացնի, սակայն նախարարի ինքնավստահ հայտարարությունը հուշում է, որ իրոք գործ է արվել: Նրա խոսքով՝ 2011թ. այս կողմ Իրաքը 58 մլրդ դինար է ծախսել (47 մլն դոլարին համարժեք գումար), որպեսզի այդ հարցում որոշակի արդյունքի հասնի, սակայն ոչինչ չի ստացվել, իսկ իր ղեկավարած գերատեսչությանը հաջողվել է գործն ավարտին հասցնել ընդամենը 7 ամսում: