Ամբողջատիրական Ադրբեջանի սոցցանցային քաղաքականությունը

Ադրբեջանի երիտասարդությանը նվիրված մի հանդիսության ժամանակ նրանց գործողությունների ծրագիր են հուշել:
 
Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղար և համատեղությամբ փոխվարչապետ Ալի Ահմեդովը կուսակցության շարքերում ընդգրկված ադրբեջանցի երիտասարդներին կոչ է արել աշխույժ գործունեություն ծավալել սոցցանցերում:
 
Եթե նկատի ունենանք, որ այս տարվա հոկտեմբերի 17-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են կայանալու, և իշխող կուսակցության թեկնածուն արդեն չորրորդ անգամ նախագահ Իլհամ Ալիևն է, կասկած չի մնում, թե ինչ հունով պետք է հոսի ադրբեջանցի երիտասարդների սոցցանցային գործունեությունը: 
 
- Հասարակությունն անխուսափելիորեն կախվածության մեջ է ընկնում նորարարական տեխնոլոգիաներից: Ահա թե ինչու երիտասարդությունը պետք է դա օգտագործի՝ իր դիրքորոշումն արտահայտելու նպատակով: Երիտասարդներն առանց այդ էլ սոցիալական ցանցերում շատ ժամանակ են անցկացնում: Պետք է առավել արդյունավետ օգտագործել դրանց հնարավորությունները, և մեր ցանկությունն է, որ երիտասարդությունն այս հարցում աշխուժություն դրսևորի,- Ահմեդովի խրատն են փոխանցել ադրբեջանական լրատվամիջոցները:
 
Կասկած չկա, որ «առաջադեմ» Ադրբեջանում սոցցանցերն արդյունավետ կերպով օգտագործում են նախևառաջ հակահայկական քարոզչության ու ամենայն հայկականի հանդեպ ատելություն սերմանելու նպատակով: Ի տարբերություն աշխարհի մնացած ամբողջատիրական երկրների՝ Ադրբեջանում կարողանում են սոցցանցերն ի շահ իրենց օգտագործել, մինչ նման երկրներում սովորաբար պարզապես արգելում են դրանք, իսկ իրենց եղբայր  Թուրքիայում էլ օրինակ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, պարզապես ձերբակալում են Արֆինի վրա թուրքական  հարձակմանը հավանություն չտված օգտատերերին: (Թեև չենք կարող ուրանալ, որ նույն Թուրքիայում հեղաշրջման փորձի օրերին սոցցանցերի շնորհիվ ապահովվեց Էրդողանի հաղթանակը): 
 
Ինչ մնում է Ադրբեջանի՝ ամբողջատիրական երկիր լինելու պնդմանը, ապա սա բնավ էլ մասնավոր գնահատական չէ: Դա է հաստատում Economist Intelligence Unit դասիչի հունվարի 31-ի հրապարակումը: Այնտեղ գնահատվել է աշխարհի 165 երկրների ժողովրդավարության իրավիճակը և ԶԼՄ-ների ազատությունը: Ադրբեջանը առաջին հատկանիշով եղել է 148-րդ-ը և դասվել է ամբողջատիրական երկրների շարքը, իսկ  երկրորդ հատկանիշով եղել է 154-րդը՝ համարվելով անազատ երկիր: 
 
Իլհամ Ալիևն իր երկարամյա նախագահության տարիներին Ադրբեջանի անունը պսակեց նման ցուցանիշներով, «Ադրբեջանական լվացքատուն» և «խավիարային դիվանագիտություն» նորագույն գաղափարներով, սև ցուցակների իրողությամբ… Եվս մեկ անգամ նրա նախագահ դառնալուն ոչ ոք չի կասկածում, ընդ որում՝ սա լինելու է նախագահության 7-ամյա ժամկետ: Տեսնենք՝ այդ ժամանակ ի՞նչ նման «նվաճումներ» կապահովի իր հարյուրամյա պետության համար: