Աֆրիկացի անօրինական ներգաղթյալներն Իսրայելում այլևս տեղ չունեն

Աֆրիկյան երկրներից անօրինական ճանապարհով Իսրայելում ապաստան գտած ներգաղթյալներն այդ երկրի համար բեռ են դարձել, որը ցանկանում են օր առաջ թոթափել: Իսրայելի իշխանություններն արդեն իսկ սկսել են հազարավոր ներգաղթյալների արտաքսման գործընթացը: Այդ մասին հողորդում են իսրայելական լրատվամիջոցները:

Ընդ որում, նշվում է, որ Սուդանից և Էրիթրեայից ներգաղթածների նկատմամբ հատուկ քաղաքականություն է մշակվել: Նրանք իրենց երկիր վերադառնալու իրավական ոչ մի հնարավորություն չունեն, ուստի այդ պետություններից փախած և Իսրայելում հանգրված գտած միայն անզավակ տղամարդկանց գրություններ են տվել, որտեղ նրանց առաջարկել են երկու ամսվա ընթացքում հեռանալ երրորդ երկիր, այլապես Իսրայելից կհեռացվեն ստիպողաբար: Բայց եթե կամավոր հեռանան` նրանց 3,5 հազար դոլարի կարգի գումար կվճարվի:

Դրանից առաջ Իսրայելի իշխանություններն արդեն իսկ հայտարարել էին հրեական պետություն ներթափանցած 40 հազար անօրինական ներգաղթյալներին արտաքսելու իրենց ծրագրի մասին, ինչին հասարակության որոշ շերտեր բացասաբար էին արձագանքել:

Ներգաղթյալներից բացի այդ ծրագրին դեմ էին արտահայտվել նաև հարյուրավոր իսրայելցիներ` երկրի ակադեմիական ընկերակցության և ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներ, ինչպես նաև Հոլոքոստը վերապրած տասնյակ քաղաքացիներ:

Ակնհայտ է` Իսրայելում բողոքողների ձայնը լսող չի եղել, և տասնյակ հազարավոր մարդիկ դարձյալ աստանդական են դառնալու: Եթե Եվրոպայում երկրներին ուղղակի պարտադրում են, որ ընդունեն Աֆրիկայից, Մերձավոր արևելքից, մոլորակի այլ հատվածներից ստիպողաբար հեռացած մարդկանց` փոխելով այդ երկրների ժողովրդագրական, կրոնական, մշակութային դեմքը, ապա Իսրայելին, երևում է, բան ասող չկա, և այնտեղ ազատ են` հրեական պետությունն աֆրիկացիներից զերծ պահել: