ԱՄՆ միջուկային նոր հայեցակարգը Ճապոնիային շատ է դուր եկել

ԱՄՆ-ը հրապարակել է իր նոր միջուկային հայեցակարգը, որին արձագանքել են աշխարհի շատ երկրների արտգործնախարարություններ ու բարձրաստիճան պաշտոնյաներ: Հիմնականում` բացասաբար:

Այս հայեցակարգով ամերիկացիները սպառնալիք են համարում Ռուսաստանի, ԿԺԴՀ-ի, Չինաստանի միջուկային զինանոցները, իսկ Իրանի միջուկային ծրագիրը նրանց առանձնապես է անհանգստացնում: Ամերիկացի  զինվորականները պնդում են այն ենթադրությունը, թե Ռուսաստանն ի վիճակի է միջուկային հարված հասցնել, որպեսզի կաթվածահար անի ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն` այդպիսով հնարավորություն ստանալով իր համար ձեռնտու պայմաններով վճռել հակամարտության ելքը:

Ռուսաստանի Դաշնային Խորհրդի պաշտպանության և անվտանգության գծով նախագահի առաջին տեղակալ Ֆրանց Կլինցևիչի մամուլի ծառայությունը, մեկնաբանելով նոր հայեցակարգը, նշել է, որ ԱՄՆ-ը հանդես է գալիս ոչ թե միջուկային սպառազինության հարցերում ՌԴ հետ համագործակցելու, այլ  նրա հետ մրցակցելու դիրքերից: Իսկ ԱՄՆ-ի միջուկային զինանոցն արդիականացնելու անհրաժեշտության մեղավորը նրանք ռուսներին են համարում: Ռուսաստանցի խորհրդարանականին ամենաշատն անհանգստացնում է, որ ամերիկյան հայեցակարգն ուղղակիորեն չի արգելում Հիրոսիմայի ու Նագասակիի կրկնությունը:

ՌԴ ԱԳՆ-ն նշել է, թե ԱՄՆ հայեցակարգում նշվածներն իրականության հետ կապ չունեն, քանի որ ՌԴ հայեցակարգում հստակ սահմանվում է, որ Ռուսաստանը միջուկային զենք կարող է կիրառել երկու դեպքում` նախ ի պատասխան միջուկային զենքի կիրառմամբ ագրեսիայի, ապա` սովորական զենքի կիրառմամբ ագրեսիայի դեպքում, եթե այն վտանգի տակ է դնում ամբողջ պետության գոյությունը:

Չինաստանի պաշտպանության նախարարությունը իր մեկնաբանությաքն մեջ նշել է, որ իրենք շարունակում են հավատարիմ մնալ միջուկային զենք չօգտագործելու սկզբունքին և այդ զենքով միջուկային ներուժից զուրկ երկրներին չսպառնալուն:

- ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է երկրի միջուկային հայեցակարգը, որում Չինաստանի զարգացման ծրագրերի մասին անհեթեթ ենթադրություններ են արված, Չինաստանի միջուկային ուժերի սպառնալիքը չափազանցված է: Մենք կտրականապես դեմ ենք դրան,- ասվում է չինական կողմի հայտարարության մեջ:

Ավելի կոշտ է արձագանքել Իրանի արտգործնախարարությունը: Գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի միջուկային հայեցակարգը մարդկությանը տանում է դեպի ոչնչացում:

- ԱՄՆ միջուկային հայեցակարգը միջուկային զենքից կախվածություն արտացոլումն է` չնայած առկա է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը,  և այսպիսով մարդկությանը տանում է դեպի լիակատար ոչնչացում:

Զարմանալի չէ, որ 1953թ. ի վեր ամենից շատ ենք մոտ համընդհանուր աղետին,- թուիթերյան իր էջում գրել է Զարիֆը:
Իրանի արտգործնախարարն անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահի համառ պնդումներին` խզել Իրանի հետ միջուկային պայմանագիրը:

- Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը չեղարկելու ձգտման հարցում Թրամփի համառությունը ևս ծագում է հենց այն նույն վտանգավոր անխոհեմությունից,- գրել է նա:

Գերմանիայի արտգործնախարարությունը ԱՄՆ միջուկային նոր հայեցակարգը համարում է սպառազինությունների նոր մրցավազքի մեկնարկ, և դա առանձնապես վտանգավոր է համարում Եվրոպայի համար: 

- Ինչպես սառը պատերազմի ժամանակ, միջուկային սպառազինությունների նոր մրցավազքը մեզ և ամբողջ Եվրոպայի համար առանձնահատուկ վտանգ է ներկայացնում,- հայտարարել է նախարար Զիգմար Գաբրիելը:

Գաբրիելը նաև նշել է, թե չի կարելի միջուկային զենքի նոր տեսակների նկատմամբ անտարբեր մնալ, ուստի դրա  վերահսկման և զինաթափման համար նոր նախաձեռնություններ են հարկավոր:

Ամենատարօրինակը, թերևս, Ճապոնիայի արտգործնախարարության արձագանքն է:  Պարզվում է` ԱՄՆ միջուկային հայեցակարգը միանգամայն Ճապոնիայի սրտով է: Այս երկրի արտաքին գործերի պատասխանատու Տարո Կանոն հայտարարել է, որ Տոկիոն ողջունում է նոր հայեցակարգը: Նա նշել է, թե 2010թվականից ի վեր, երբ ԱՄՆ-ը հրապարակեց իր նախորդ միջուկային հայեցակարգը, միջազգային անվտանգության ոլորտում իրավիճակն արագորեն վատանում է, դրա համար էլ Ամերիկայի վճռականությունը հարկավոր է, որպեսզի ապահովի զսպելու քաղաքականության արդյունավետությունը և այն տարածի նաև իր դաշնակիցների վրա, ինչպիսին է Ճապոնիան:

Որպես ԱՄն-ի դաշնակցի` Ճապոնիայի արձագանքը բնավ էլ զարմանալի չէր լինի, եթե հնարավոր լիներ անտեսել Հիրոսիման ու Նագասակին` 73 տարի առաջ ատոմահարված նույն ՄԱՆ-ի զինուժի կողմից: Ժամանակը գուցե սպիացրել է վերքերից շատերը, սակայն երևում է` Ճապոնիայի հիշողության հետ էլ է չար կատակ արել: