Ոտնձգություն պատմական ճշմարտության դե՞մ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան մտադրություն է հայտնել ստորագրել աղմուկ հանած օրենքը, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում ուկրաինացի ազգայնամոլների (բենդերականների) գաղափարախոսությունը քարոզելու, վոլինյան կոտորածները ժխտելու և երկրորդ աշխարհամարտի տարիներին Հոլոքոստի հանցագործություններին լեհ ժողովրդին մասնակցությունը պնդելու համար: Այս օրենքը ուժի մեջ կմտնի այն պահից, երբ նախագահը կստորագրի:
 
Լեհական օրենքին խիստ դեմ են Ուկրաինան, Իսրայելը, ԱՄՆ-ը: Իսրայելում մտավախություն ունեն, թե օրենքը կարող է հարվածել այն հրեաներին, ովքեր Լեհաստանի բնակիչների մեղքով տուժել են և կարող էին այդ մասին պատմել: Իսրայելի ղեկավարությունն արդեն իր անհամաձայնությունն է հայտնել և պահանջել այն վերանայել՝ հեղինակներին մեղադրելով պատմական ճշմարտության դեմ ոտնձգության համար: 
 
Իսրայելի «Յադ Վաշեմ» հուշահամալիրը, որը նաև աշխարհում Հոլոքոստի պատմության ուսումնասիրման և զոհերի հիշատակի պահպանման ամենախոշոր կենտրոնն է, խոստացել է պարզաբանել պատերազմի տարիներին հրեաների հանդեպ լեհերի վերաբերմունքի «բարդ ճշմարտությունը»՝ որքան էլ Վարշավան սահմանափակումներ մտցնի: 
 
Իսրայելի արձագանքը գուցե տրամաբանական է, սակայն ինչպես է հնարավոր բարոյական համարել, երբ հենց իրենք են պատմական ճշմարտության դեմ ոտնձգություն անում՝ ամեն կերպ ժխտելով Հայոց ցեղասպանության իրողությունը: Իսկ պատմական ճշմարտության խեղաթյուրում չէ՞, որ մոռանում են հրեաների նկատմամբ Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին կատարվածի հիտլերյան արդարացումը («հիմա ո՞վ է հիշում հայերի կոտորածները») և օտար հողում իրենց նկատմամբ կատարվածը համարում ավելի մեծ հանցագործություն, քան հայերին հարենազրկելն ու բնաջնջելու փորձերն էին:  
 
Ամեն դեպքում՝ Լեհաստանի նախագահը մտադիր է ստորագրելուց հետո օրենքն ուղարկել սահմանադրական դատարան, որպեսզի ճշտվի, թե այն համապատասխանո՞ւմ է երկրի սահմանադրությանը: Ու եթե պարզվի, որ չի համապատասխանում, երևի «խոսքի ազատության» ջատագովները (լեհական օրենքը որակվել է նաև խոսքի ազատությունը սահմանափակող) կարող են հանգիստ շունչ քաշել: Չէ՞ որ մեր աշխարհում, հանուն սեփական շահի զազրախոսելու, անթաքույց ստելու ու ապակողմնորոշելու ազատություններն ավելի են կարևորվում, քան պատմական ճշմարտությունը: Եթե ոմանք դա դեռ չեն նկատել, աշխարհի հայերը վաղուց գիտեն: