ԻՊ-ի նոր գործելակերպը` ՄԱԿ-ի զեկույցում

Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարտությունը աշխարհում ահաբեկչության տեսանկյունից նոր իրավիճակ է առաջացրել, ինչի վերաբերյալ զեկույց է հրապարակել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը: Համաշխարհային այս կազմակերպության ղեկավարը վերլուծել է ստեղծված նոր իրավիճակը և նշել, թե այժմ  ինչից պետք զգուշանան մոլորակի երկրները:

Կազմակերպության կայքում երեքշաբթի տեղադրված զեկույցը փաստում է, որ ԻՊ-ն մարտերի ընթացքում պարտություն է կրել և զրկվել է ֆինանսավորման աղբյուրների 90%-ից, սակայն առաջվա պես մեծ վտանգ է ներկայացնում: Գուտերիշը պետություններին կոչ է արել չկորցնել զգոնությունը ահաբեկության դեմ պայքարում և նախազգուշացրել է, որ որոշ տարածաշրջաններում ԻՊ-ն ու «Ալ-Քայիդան» կարող են միաձուլվել:

-Չնայած անհաջողություններին, որոնք ԻՊ-ն կրում է վերջին ժամանակներում, այդ խումբն ու նրա մասնաճյուղերն առաջվա նման աշխարհի տարբեր շրջաններում լուրջ վտանգ են ներկայացնում,- նշել է Գուտերիշը:

Այնուհետև գրել է, որ վերջին վեց ամսում խմբավորումը ռազմավարական պարտություններ է կրել Իրաքում, Սիրիայում և Ֆիլիպինների հարավում, ինչի հետևանքով «ստիպված է եղել լքել իր հենակետերը քաղաքային տարածքներում և հարմարվել փոփոխվող հանգամանքներին»: Նրա կարծիքով` ԻՊ-ն նախկինի նման հույսը դնում է արտաքին ահաբեկչությունների վրա` հրաժարվելով «տարածքներ զավթելու և պահելու կողմնորոշումից»:

- Այսօրվա ԻՊ-ն` որպես կազմակերպություն, մի խորին ցանց է` մակերեսային աստիճանակարգությամբ, որը թուլացել է մասնաճյուղերի նկատմաբ հրատապ վերհսկողությունից: Անդամ պետությունները (նկատի ունի ՄԱԿ-ի անդամներին-խմբ.) ընդգծել են, որ ԻՊ-ի և «Ալ-Քայիդայի» մի քանի ցանցերի պատրաստակամությունը` աջակցել միմյանց գործողություններին, խիստ մտահոգիչ է, իսկ որոշ շրջաններում այդ երկու ցանցերի հնարավոր միաձուլումը մի նոր սպառնալիք է,- նախազգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Զեկույցում ենթադրություն է արվում, թե նոր տարածքների զավթումից ԻՊ-ի հրաժարվելը, ինչպես նաև պետություններում սահմանապահ վերահսկողության խստացումը կնվազեցնի նորակոչիկների հոսքը և կսահմանափակի արտասահմանցի գրոհայինների տեղաշարժը պետությունների միջև:

Ահաբեկիչները գործնականում արդեն Իրաք և Սիրիա չեն գնում, իսկ պետությունները նշում են նոր գրոհայինների սոսկ սահմանափակ թվով ընդվզումների մասին: Գուտերիշը կարծում է, որ ԻՊ-ն հետագայում ստեղծելու է այնպիսի խմբեր, որոնք առավել հավաք և ուղղորդված կլինեն`պատրաստ կռվելու կամ ահաբեկություններ իրականացնելու:

Գլխավոր քարտուղարը խոսել է նաև ԻՊ-ի քարոզչական մեքենայի մասին: Այժմ առավել ցածրորակ նյութեր են հրապարակում, այն էլ` նվազ պարբերականությամբ ու ավելի քիչ:    

Այդուհանդերձ, խմբավորման անդամներն «իրար հետ կապ պահպանելու, գործողությունները համակարգելու և ահաբեկչական գործողություններին աջակցելու  նպատակով» դեռևս հմտորեն օգտագործում են սոցցանցերը, հաղորդակցության պաշտպանական միջոցները և արդիական այլ տեխնոլոգիաներ: