Լոնդոնին Սիրիայի խաղաղ բնակիչների տառապանքնե՞րն են մտահոգում, թե՞…

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Դամասկոսի, Մոսկվայի, և Իրանի իշխանություններին կոչ է արել մեղմել Սիրիայի խաղաղ բնակչության տառապանքները՝ նրանց համար ապահովելով մարդասիրական և բժշկական օգնության հասանելիություն:  Երեկ տարածված հայտարության մեջ ասվում է.
 
- Սիրիայում մարդկային կորուստների ու ավերածությունների չափերը դուրս են եկել մարդկային երևակայության սահմաններից: Սակայն վերջին շաբաթում մենք լսել ենք, որ տառապանքներն ավելի են խորացել Արևելյան Գուտայի շրջանում և Իդլիբ նահանգում: Այդ թվում՝ տեղեկություններ են ստացվել քիմիական զենքի կիրառման վերաբերյալ: Իդլիբից լուրեր են ստացվում Սիրիայի վարչակազմի և Ռուսաստանի օդային ավերիչ հարվածների մասին, այդ թվում նաև՝ բժշկական հաստատությունների վրա, ինչը հանգեցրել է խաղաղ բնակիչներից շատերի մահվանը: Դա հարկավոր է դադարեցնել: 
 
Միացյալ Թագավորության արտաքին գերատեսչության ղեկավարը, կարելի է ասել, ուղղակի ամոթանք է տվել այս երկու երկրներին և Իրանին. 
 
- Աշխարհը հետևում է Ասադի վարչակարգին, Ռուսաստանին և Իրանին: Դուք գործիքներ ունեք ոչ միայն նրա համար, որպեսզի վերջ դնեք այդ  անվայել հակամարտությանը, այլ նաև որպեսզի անվտանգություն ապահովեք և տրամադրեք մարդասիրական ու առաջնային բժշկական օգնություն, որոնցից Սիրիայում այս պահին զրկված են միլիոնավոր մարդիկ:  Այդ բոլորը չապահովելու ձեր անկարողությունն ուղղակի անխղճություն է,- ասել է նա:
 
Միացյալ Թագավորության ԱԳՆ-ի այս հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերտի հայտարարությանը, որտեղ մտահոգություն էր հայտնվել սիրիական Իդլիբում և Արևելյան Գուտայում բռնությունների տարածման վերաբերյալ: Վաշինգտոնը պնդում է, թե դրան նպաստում են քիմիկան գրոհները և ռմբակոծությունները, որոնք նրանք Սիրիայի կառավարությանն են վերագրում:
 
Այն, որ Մեծ Բրիտանիան, նաև նրա կոալիցիոն գործընկեր ու համախոհ ԱՄՆ-ը այդքան մտահոգված են պատերազմական իրավիճակում գոյատևող խաղաղ բնակչության դրությամբ ու պահանջում են նրանց անվտանգությունն ու առողջությունն ապահովել, շատ լավ է: Միայն թե աշխարհի տարբեր կետերում պատերազմներ հրահրելիս նրանք հաշվի չեն առնում, որ դրանց ծանր, կորստաբեր հետևանքներն անխուսափելի են:
 
Ուստի ՄԹ այս հայտարարությունը տեղ է թողնում մտածելու, թե մարդկանց տառապանքը մեջտեղ բերելն ուղղակի առիթ է՝ քարեր նետելու իրենց չսիրած երկրների՝ Սիրիայի, Ռուսաստանի, Իրանի «բոստանները»: Այլապես գոնե մի խոսք էլ ՆԱՏՕ-ի իրենց ընկեր Թուրքիային կուղղեին, որը Սիրիայի տարածքում քրդերի հետ իր հաշիվներն է մաքրում: