Forbes-ը զբոսաշրջության նոր ուղղություններ է հուշում

Չբացահայտված թռչող առարկաների (ՉԹԱ) և այլմոլորակայինների մասին զրույցներն ու վկայությունները մարդկությանը հանգիստ չեն տալիս, սակայն Երկրի վրա դրանց գոյության անհերքելի ապացույցներ երբեք չեն ներկայացվել: Այդուհանդերձ՝ հանրահայտ Forbes հանդեսը  կազմել է վարկանիշն այն վայրերի, որտեղ ամենաշատն է հնարավոր հետևել ՉԹԱ-ների թռիչքին, տեսնել այլմոլորակայինների կամ ձնեմարդու:
 
Հատկանշական է, որ շեղումային երևույթներով հայտնի նշված վայրերից մի քանիսը Ռուսաստանի տարածքում են: Այլմոլորակայինների հետ հանդիպման համար, օրինակ, հանդեսը խորհուրդ է տալիս այցելել «Մոլեբյան եռանկյունի» անունով հայտնի վայրը, որը գտնվում է Պերմի երկրամասի և Սվերդլովսկի մարզի սահմանին՝ Մոլեբկա և Կամենկա գյուղերի միջև: Տվյալ տարածքի երկնքում նկատվել են ընդհատ-ընդհատ բազմագույն առկայծումներ: Հետազոտողների կարծիքով՝ դրա պատճառը հզոր էներգիան է, որը բխում է տեղի ստորգետնա բեկվածքներից: 
 
Forbes-ի լրարգրող Դոբսոնը ՉԹԱ տեսնելու համար մարդկանց խորհուրդ է տալիս այցելել նաև Չիլիի Ատակամա անապատ, ԱՄՆ Նևադա նահանգի հայտնի «51-րդ գոտի», ապա և հասնել Ավստրալիայի Ուայքլիֆ Ուել գյուղակ: 
 
Թերևս պատահական չէ, որ լրագրող Ջիմ Դոբսոնն իր հրապարակման մեջ խոստովանում է, որ առաջին անգամ ՉԹԱ տեսել է դեռևս 1970թ. Կալիֆորնիայում: Ասել կուզի՝ նա հավատում է՝ իզուր չէ, որ իր նշած վայրերն այդպիսի հռչակ են ձեռք բերել:
 
Ակնհայտ է, որ Forbes-ի վարկանշային ցանկում ընդգրկված վայրերում առկա են ինչ-որ  անսովոր երևույթներ, որոնք նմանօրինակ ենթադրությունների, շատերի համար էլ համոզմունքի տեղիք են տալիս: Այդ վայրերին թերևս նոր շուք կհաղորդի նաև հեղինակավոր ամսագրի անդրադարձը և այնտեղ կուղղի զբոսաշրջիկների այնպիսի խմբերի հոսքը, ովքեր սուր զգացողություններ, տիեզերքի ու Երկրի միջև կապի ապացույցներ են փնտրում և ցանկանում են ամեն ինչ սեփական աչքով տեսնել: