Ճապոնիան չի հավատում «ժպիտների դիվանագիտությանը»

ԿՈՐԵԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԿՈՂՄ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ԿԿԱՅԱՆԱ՞

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը, ինչպես ՏԱՍՍ-ն է տեղեկացրել, շաբաթ օրը Հարավային Կորեայի նախագահին հրավիրել է Փհենյանում մասնակցել երկկողմ գագաթնաժողովի: ԱՄՆ-ը և Ճապոնիան հավանաբար կփորձեն սրան ամեն կերպ խոչընդոտել, և չի բացառվում, որ կարողանան:

Այնպես որ` Հարավային Կորեան, ըստ էության, ծանր երկընտրանքի առջև է հայտնվել: Իսկ թե հաղթողը որը կլինի` խաղաղությո՞ւնը նույն ազգի երկու պետությունների միջև, թե՞ բազմաթիվ երկրների համար կործանանար վտանգներ պարունակող նոր խզումը, ցույց կտա ապագան:

Ձմեռային օլիմպիադայի առիթով Հարավային Կորեայի Փհյոնչհան քաղաք ժամանած հյուսիսկորեական պատվրակության բարձրաստիճան անձինք արդեն իսկ հանդիպել են հյուրընկալ երկրի նախագահ Մուն Չժե Ինի հետ: Ինչպես ցույց է տալիս ԿԺԴՀ-ի կենտրոնական հեռագրական գործակալության հաղորդագրությունը` թերակղզու հյուսիսային պետությունում այդ հանդիպումը միանգամայն դրական է գնահատվել:

Խաղերի բացման հենց հաջորդ օրը` փետրվարի 10-ին, կայացած հանդիպման մթնոլորտը  ԿԺԴՀ-ում համարվել է «գործնական, սակայն ջերմ»: ԿԺԴՀ-ի պատվիրակությունը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի նամակը հանձնել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին և նրա հետ «միջկորեական հարաբերությունների վերաբերյալ անկեղծ և հրապարակային զրույց անցկացրել»:

Հյուսիսային Կորեայի Գերագույն ժողովրդական ժողովի նախագահության նախագահ Կիմ Յոն Նամը` որպես պատվիրակության ղեկավար, խաղերի բացման առթիվ շնորհավորանքներ է հղել, ապա խոսել երկու պետությունների հարաբերությունների հեռանկարի մասին:

- Ընկեր Կիմ Յոն Նամը նշել է, որ եթե վճռականություն և խիզախություն հանձնառնվի և միջկորեական հարաբերություններում նոր ոսկեդար բացելու հաստատուն մտադրություն դրսևորվի` կարելի է առաջ մղել միավորված ապագան՝ դյուրությամբ հաղթահարելով անկանխատեսելի դժվարություններն ու փակուղիները,- ասված է Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության հաղորդագրությունում:

Նույն գործակալությունը նաև հաղորդել է`

- Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ հյուսիսկորեական այս պատվիրակության այցը խթան է միջկորեական հարաբերությունների վերականգնման և Կորեական թերակղզում խաղաղության համար:
Ապա նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին շնորհակալություն է հայտնել իր նամակի և Օլիմպիադա պատվիրակություն ուղարկելու նպատակով նախաձեռնած քայլերի համար:

Թե ինչպես են այս հանդիպումը մեկնաբանել Հարավային Կորեայի պաշտոնական աղբյուրները և լրատվամիջոցները` չգիտենք, սակայն դրան անմիջապես արձագանքել է տարածաշրջանի մեկ այլ պետություն` Ճապոնիան: Այս երկրի արտգործնախարար Տարո Կոնոն այցելելով Բրունեյ` հայտարարել է, թե իրենք չեն հավատում ԿԺԴՀ-ի «ժպիտների դիվանագիտությանը»:

Կոնոյի խոսքով` Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի վերջնական նպատակը պետք է դառնա Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը: Նա հիշեցրել է Ձմեռային օլիմպիադայի բացման նախօրեին ԿԺԴՀ-ում անցկացված զինվորական շքերթը, ինչը, նրա պնդմամբ, խոսում է ռազմական, այլ ոչ թե խաղաղ ծրագրերի շարունակականության մասին: