ԵՄ-ն Թուրքիային բարիդրացիության կոչ է անում

«ՉԿԱ ՀԱՐԵՎԱՆ՝ ՉԿԱ ԽՆԴԻՐ»

Սիրիայի քրդերի դեմ ռազմական գործողությունը շարունակող Թուրքիան զուգահեռաբար ոչ միայն դրա դեմ արտահայտվողների նկատմամբ է հետապնդումներ իրականացնում (666 հոգու արդեն ձերբակալել է), այլև փորձում է իր կամքը թելադրել Կիպրոսում:
 
Փետրվարի 9-ից սկսած՝ թուրքական նավատորմի նավերը Կիպրոսի  բացառիկ տնտեսական գոտում գործողություններ են իրականացնում՝ արգելափակելով Saipem 12000 լողացող հորատման սարքը, որն աշխատում է իտալական ENI նավթային ընկերության համար:
 
Այս առիթով հայտարարություն է տարածել Եվրախորհրդարանի ղեկավար Դոնալդ Տուսկը: Նա Անկարային կոչ է արել հարևանների հետ լավ հարաբերություններ պահպանել, խուսափել ԵՄ անդամ որևէ երկրի հասցեին սպառնալիքներ հնչեցնելուց և որևէ գործողություն ձեռնարկելուց:
 
Տուսկն իր կոչը հղել է երեկ՝ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի հետ ունեցած հարցազրույցից հետո: 
 
- Նախագահ Անաստասիադեսի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո այս երեկո ես Թուրքիային կոչ եմ անում խուսափել ԵՄ ցանկացած երկրի դեմ սպառնալիքներից ու գործողություններից և ընդհակառակը՝ նպաստել բարիդրացիական հարաբերություններին, խաղաղ կարգավորմանն ու տարածքային ամբողջականությանը,- Բրյուսելում ասել է ԵԽ ղեկավարը: 
 
«Հարևանների հետ 0 խնդիր» կարգախոսով բոլոր հարևաններին «նեղացրած» Թուրքիան դժվար թե անսա նման կոչերին: Քանի դեռ աշխարհի հզորները նրան զենք են վաճառում կամ նպաստում այնտեղ զինարտադրության զարգացմանը՝ իր տեղը ցույց տալու և ախորժակը զսպելու փոխարեն, նա այնքան է ծավալվելու, որքան իր թուրը կկտրի: Բնականաբար՝ իր իշխանության տակ գտնվող տարածքներն ընդլայնելու երազանքն իրականացնելու համար նախ և առաջ հարևանների հողերին պետք է աչքադրի:
 
Իսկ դրա համար Անկարան չի վարանում վերջնագիր ներկայացնել անգամ ԱՄՆ-ին: Այո, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեկ ԱՄՆ-ին վերջնագիր ներկայացրել՝ զորքերը դուրս բերել Մինջիբից, որպեսզի Թուրքիան կարողանա հարվածել քրդական ուժերին: 
 
Իր կարգախոսն իրականություն դարձնելու համար Էրդողանը գուցե ցանկանա ընթանալ «չկա հարևան՝ չկա խնդիր» ճանապարհով: Նրա տեսանկյունից դա կնշանակի իր երազած Թուրանի սահմանները հավասարեցնել մոլորակի սահմաններին: Իսկ ամբողջ մարդկության բարօրության տեսանկյունից՝ աշխարհի քարտեզից իսպառ վերացնել երկիրը, որից քաղաքակրթությունը միայն վնասներ է կրել: