Միջազգային պատժամիջոցների չթիրախավորված զոհերը

Միջազգային պատժամիջոցներն ուղղված են առաջին հերթին ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընի ու նրա մերձավոր շրջապատի դեմ: Սակայն դրանից նրանց կուշտուկուռ կյանքը որևէ չափով չի տուժում: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը նույնպես փաստում է՝ տուժողը  երեխաներն են, որոնք ոչ մի գաղափար չունեն, թե ինչ է ատոմը և ինչ չարիք կարող է բերել: Եվ ուրեմն ո՞րն է այդ պատժամիջոցների նպատակը և որքանո՞վ են դրանք արդյունավետ:
 
Երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որևէ երկրի դեմ պատժամիջոց է սահմանում, բնականաբար՝ առաջին հերթին նպատակ է դնում զսպել աշխարհի համար դրա հնարավոր վնասակար գործունեությունը: Թե այդ նպատակին որքանով է հասնում՝ խիստ կասկածելի է: Որոշ դեպքերում դա ավելի շուտ հակառակ ազդեցություն է թողնում: Բայց կասկածից վեր է, որ այդ պատժամիջոցներից անասելի տուժում են տվյալ պետության բնակչության խոցելի շերտերը: Այդ են վկայում նաև Հյուսիսային Կորեայի վերաբերյալ հրապարակված փաստերը:
 
Մեր ժամանակներում քչերին է հաջողվում ԿԺԴՀ-ն ներսից տեսնել: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) մեկն է այնտեղ դեռևս աշխատող փոքրաթիվ մարդասիրական կազմակերպություններից, և հենց նրա գործադիր տնօրեն Օմար Աբդին էլ խոսել է դժվարություններից, որոնց իրենք բախվում են: 
 
Ըստ նրա՝ թեև մարդասիրական բեռները ՄԱԿ-ի պատժամիջոցներից դուրս են, սակայն ապրանքների վճարմանն ու տեղափոխմանը մասնակցող բանկերն ու ընկերությունները շատ զգուշավոր են: Առևտրային կառույցները վախ ունեն, թե հետագայում իրենց կմեղադրեն: Այդ պատճառով մինչև այժմ ՅՈՒՆԻՍԵՖ-ը չի կարողացել ստանալ նույնիսկ երրորդ մասն այն 16,5 մլն դոլարի, որն այս տարի հովանավորներից խնդրել է՝ երեխաներին սննդով, ջրով և արդիական բուժօգնությամբ ապահովելու համար: 
 
- Սուր թերսնումն ու փորլուծությունը, որոնք արդյունք են սանիտարական և հիգիենիկ անբավարար պայմանների, մնում են փոքր երեխաների մահվան գլխավոր պատճառը,- կարծում է Աբդին:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կանխատեսում է, որ 2018թ. ԿԺԴՀ-ում 60 հազար երեխա մշտապես թերսնված է լինելու, Աբդին էլ զգուշացնում է՝ սպիտակուցների ու կալորիաների անբավարարությունը հղի է մահացու ելքով: 
 
Իրավիճակը սրվում է ԿԺԴՀ ներմուծվող վառելիքի սահմանափակման պատճառով, որի հետևանքը ապրանքի սղությունն ու թանկացումն է լինում: ՄԱԿ-ում ԿԺԴՀ մշտական ներկայացուցիչը Չա Սոն Նամը աննխադեպ խիստ պատժամիջոցները համեմատել է շրջափակման հետ: Համաշխարհային կազմկերպությանն ուղղված գրավոր հայտարարության մեջ նա ԿԺԴՀ-ն «խավար միջնադար» վերադարձնելու և հանրապետության ժողովրդին «գոյություն ունենալու և զարգանալու իրավունքից» լիովին զրկելու ձգտում է նկատում : 
 
Հյուսիսկորեացի դիվանագետը պնդում է, թե ՄԱԿ-ի ԱԽ պատժամիջոցներն ուղղված են նրան, որպեսզի «հասնեն ԿԺԴՀ-ի խեղդամահությանը գործունեության բոլոր ոլորտներում՝ ներառյալ տնտեսությունը, քաղաքացիների բարօրությունը, առողջապահությունը, մարզական կյանքը, ինչպես նաև դադարեցնելու մարդասիրական օգնության ցուցաբերումը»: