ԱՄՆ-ի «երազանքը» Սիրիայում հակամարտությունը ձգձգե՞լն է

Ռուսական լրատվամիջոցները երեկ երեկոյան բազմաթիվ տեղեկություններ էին հրապարակել, որոնք քաղել էին ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսի զեկույցից՝ զետեղված Սենատի հետախուզության կոմիտեի կայքում:
 
Այդ զեկույցում անդրադարձ կա նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, որի նկատմամբ 2011թ. գարնանից ի վեր, երբ Սիրիան ներքաշվեց պատերազմի մեջ: ԱՄՆ-ը և նրա կոալիցիոն գործընկերները թշնամաբար են տրամադրված, իսկ նրանց գլխավոր կարգախոսն էր՝ Ասադը պետք է հեռանա: Սիրիայի նախագահին իշխանությունից զրկելու նպատակով էլ հենվում էին այսպես կոչված չափավոր ընդդիմության ուժերի վրա, որոնց հրապարակ էր հանել «արաբական գարնան» շունչը: 
 
Եվ ահա այս օրերին ամերիկյան հետախուզությունը պարզել է, որ այդ ընդդիմությունն արդեն անկարող է տապալել Ասադի իշխանությունը: Տապալել անկարող է, սակայն կարող է ամբողջ տարին հակամարտությունը թեժ պահել:  
 
Փաստաթղթում նշվում է, թե ԱՄՆ-ի հովանավորությունը վայելող ապստամբները 2018թ. այնքան հնարավորություններ կունենան, որ ի վիճակի կլինեն հակամարտել, սակայն երկրի նախագահ Բաշար Ասադին հաղթելու չափ ուժ չունեն:
 
Ի՞նչ է ստացվում՝ ԱՄՆ-ի նպատակը Սիրիայում խաղաղության վերականգնումը հնարավորինս ձգձգե՞լն է: Արդեն 7 տարի տևող պատերազմը՝ իր բոլոր կործանարար հետևանքներով, ԱՄՆ-ին քի՞չ է թվում: Իսկ Սիրիայի ընդդիմությունն էլ, որին իրենք խրախուսում են որպես ժողովրդավարական փոփոխությունների երաշխիք, ընդամենը Ասադի դեմ հակամարտությունը թեժ պահելու միջո՞ց է: 
 
ԱՄՆ ազգային հետախուզությունը խնդիրը վեր է հանել՝ Սիրիայի ընդդիմությունը Ասադին տապալելու ուժ չունի, սակայն դեռևս կարող է նրան գլխացվանք պատճառել: Ամեն խնդիր լուծում է պահանջում, թեև քիչ չեն դեպքերը, երբ լուծումը սխալ է ստացվում: Հնարավոր է՝ ԱՄՆ-ը կփորձի Սիրիայի ընդդիմությանն այնքան հզորացնել, որ Ասադին տապալելու չափ ուժեղանա: Միայն թե չպետք է մոռանել, որ այդ «դաշտում» Միացյալ Նահանգները միակ խաղացողը  չէ: