Եվրամիությունից ՄԹ դուրս գալը նաև լեզվակռվով է ուղեկցվում

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Եվրամիությունից իր երկրի դուրս գալու ջերմ կողմնակից է և ջանքեր չի խնայում` միլիոնավոր դժգոհ բրիտանացիներին համոզելու, որ այդ մտքի հետ հաշտվեն:

Լոնդոնում ելույթ ունենալով` նա իր հայրենակիցներին առաջարկել է այդ ամենը դիտարկել որպես նոր հանարվորություն և լիովին հրաժարվել այն կանոններից, որոնք բխում են Եվրամիությունից: ԵՄ կազմում մնալու կողմնակից բրիտանացիներին ներկայացրել է «Brexit»-ի դրական հեռանկարները և ասել է,  թե նախագծի հաջողությունը իրենց հետագա քայլերից է կախված:

Ըստ Միացյալ Թագավորության արտգործնախարարի` եթե երկիրը ԵՄ կազմից դուրս գա, սակայն շարունակի նրա կանոններին ենթարկվել, դա ոչ մի իմաստ չի ունենա («Ֆրանս-պրես» գործակալության փոխանցմամբ):
 

- Մենք պարզապես խելագար կլինենք, եթե ԵՄ-ից դուրս գալու այս գործընթացից հետո մեր տնտեսական ազատությունը չօգտագործենք,- ասել է Ջոնսոնը:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի այս ելույթը, սակայն, ԵՄ ղեկավարությանը բոլորովին դուր չի եկել: Դրան արձագանքել է Եվրահանձնաժղովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը: Մեկնաբանելով Ջոնսոնի պնդումները, թե ինքը` Յունկերը, փորձում է ԵՄ-ն դարձնել դաշնային գերտերություն` Եվրահանձնաժողովի նախագահն այդ միտքը հիմարություն է որակել: Նրա խոսքով` բրիտանացի որոշ քաղաքական գործիչներ խաբում են`իրեն համարելով «հիմար, համառ ֆեդերալիստ և եվրոպական գերտերության կողմնակից»:

- Ես կտրականապես դեմ եմ եվրոպական գերտերությանը: Մենք Ամերիկայի Միացյալ  Նահանգները չենք, մենք Եվրոպական միությունն ենք, որը ծաղկուն մարմին է, քանի որ բաղկացած է 27 կամ 28 երկրներից: ԵՄ-ն չի կարող կառուցվել եվրոպական երկրներին դեմ գնալով, ուստի ասվածը ամբողջովին հիմարություն է,- Յունկերի խոսքերն է փոխանցել «Ասոշիեյթեդ փրեսը»:

Եվրոպան, այսպիսով, մի կողմից միավորվում է, մյուս կողմից` տրոհվում: Սակայն եթե նկատի ունենանք, թե որքան է փոխվել եվրոպական շատ երկրների ժողովրդագրական դեմքը` սա պետք է որ զարմանալի չթվա: Վաղվա Եվրոպան հաստատապես լիովին այլ քաղաքակրթություն է ներկայացնելու, այլ արժեքների է դավանելու, և դրանից են բխելու այն կանոնները, որոնց մասին այժմ բանավիճում են Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն ու Եվրահանձնաժողովի նախագահը: