Լեհ-իսրայելական թեժ բանավեճը շարունակվում է
Լեհաստանի ու Իսրայելի հարաբերությունները գնալով ավելի ու ավելի են լարվում:
Այն օրից, ինչ Լեհաստանի նախագահ Դուդան ստորագրել է «Ազգային հիշողության ինստիտուտի մասին» օրենքը, որտեղ պատասխանատվություն է սահմանվում լեհերի անունը հրեաների մահվան ճամբարների հետ կապելու համար` Իսրայելը դժգոհ է:
Երկու երկրների միջև լարվածությունն առավել է սրվել երեկ, երբ Մյունխենում տեղի ունեցող անվտանգության 54-րդ համաժողովի ժամանակ Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին իսրայելցի լրագրողի հարցին հրեաների համար բնավ ոչ գոհացուցիչ պատասխան է տվել:
Սրան հետևել է Իսրայելի վարչապետի հեռախոսազրույցը լեհ բանախոսի հետ, որի ժամանակ անընդունելի է համարվել Լեհաստանի վարչապետի կարծիքն այն մասին, թե հրեա ժողովրդի առանձին ներկայացուցիչներ ևս մասնակցություն են ունեցել Հոլոքոստին: Նույն օրը Թել-Ավիվում Լեհաստանի դեսպանատան դռան վրա հայտնվել են ֆաշիստական կեռխաչի (սվաստիկայի) դաջվածք և լեհերի մասին վիրավորական գրություններ:
Բնականաբար` Լեհաստանի ԱԳՆ-ն Իսրայելի իշխանություններից բացատրություն է պահանջել: Սրա վերաբերյալ հայտարարություն է տարածել լեհական գերատեսչությունը: ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչ Արթուր Լոմպարտը հաստատել է գրությունների մասին իսրայելական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը:
- Լեհաստանը դիմել է Իսրայելի իշխանություններին, որպեսզի նրանք պարզաբանեն միջադեպը և միջոցներ ձեռնարկեն` ապահովելու լեհական դիվանագիտական ներկայացուցչության պահպանումը: ԱԳՆ-ի կարծիքով` հարկ է կտրուկ իջեցնել ջերմաստիճանն այն բանվեճերի, որոնք վարում են երկու պետությունները, որովհետև ներկա մակարդակը երկխոսությանը չի նպաստում, - ասել է Լոմպարտը:
Այս ամենը կարելի էր համարել երկու պետությունների գործը, եթե ընդամենը մի քանի օր առաջ նույն Իսրայելի խորհրդարանը` Քնեսեթը, մերժած չլիներ Հայոց ցեղասպանության ճանաչումը` պատճառաբանելով, թե դա քաղաքական տեսանկյունից իրենց ձեռնտու չէ:
Ուրեմն ինչո՞ւ է հիմա ձայնը գլուխը գցել, եթե ցեղասպանությունը ընդամենը քաղաքականություն է: Իր քաղաքականությունը պահանջել է, որ հայերի հայրենազրկվելն ու եղեռնն անտեսի, լեհերինն էլ պահանջում է, որ հրեաների ցեղասպանությունն իրեն ձեռնտու տեսանկյունից դիտարկի: