Ի՞նչ ակնկալիքով է սպառնում Չավուշօղլուն

Երևում է՝ հենց ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի դիրքորոշումից է կախված՝ թուրք-սիրիական պատերազմ կսկսվի՞, թե ոչ:
 
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սիրիային պատերազմով է սպառնացել: Ճիշտ է՝ մեկ վերապահում արել է: Եթե Սիրիայի կառավարությունը զորքեր է մտցնում Արֆին՝ քաղաքը քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» «ահաբեկիչներից մաքրելու» նպատակով, իրենք խնդիր չեն տեսնում: Սակայն եթե գալիս են սիրիացի քրդերին թուրքերից պաշտպանելու, ապա…
 
- Բայց եթե նրանք այդ խմբավորումներին մեզնից պաշտպանեն՝ Թուրքիային և թուրք զինվորներին ոչ ոք չի կանգնեցնի։ Դա ճիշտ է նաև Մանբիջի և Եփրատից արևելք ընկած տարածքների համար,- սպառնացել է Չավուշօղլուն։
 
Թե որքանով «քաջ» կգտնվեն անպաշտպան ծերերի և երեխաների կոտորածներով «փառաբանված» թուրքերի մերօրյա զինվորները՝ դժվար է ասել: Բայց, եթե Թուրքիան կռվում միայնակ մնա, արդյունքի հասնելու փոքր հնարավորություններ կունենա: Միայն թե պաշտոնական Դամասկոսում մտավախություն ունեն, որ ՆԱՏՕ-ն կարող է աջակցել իր անդամ Թուրքիային: Մոսկվայում այս մասին խոսել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյն Շաաբանը:  
 
- Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և եթե ինչ-որ խնդիր առաջանա, ապա նա ավելի շուտ Թուրքիային կաջակցի, քան որևէ այլ երկրի,- «Վալդայ» ակումբում ընթացող խորհրդաժողովում ասել է Շաաբանը:
 
Այնուհետև Ասադի խորհրդականն անդրադարձել է Սիրիայում Միացյալ Նահանգների ներկայությանը.
 
- ԱՄՆ-ը Սիրիայում իր ռազմական ներկայությունը բացատրում է բացառապես ահաբեկչության դեմ պայքարով: Սակայն ահաբեկչության դեմ նրանք չեն պայքարում, այլ հակառակը՝ աջակցում են: Նման գործողություններով ԱՄՆ-ը և Թուրքիան փորձում են խանգարել կարգավորման գործընթացը: Մենք նաև նկատում ենք Վաշինգտոնի ձգտումը՝ խախտել մեր երկրի տարածքային ամբողջականությունը,- հայտարարել է Սիրիայի նախագահի խորհրդականը:
 
Ինչպես «Ավանգարդն» արդեն տեղեկացրել է, փետրվարի 15-ին հաղորդվել էր, որ Սիրիայի կառավարության և քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» խմբակցության միջև համաձայնություն է ձեռք բերվել՝ Արֆինում տեղակայելու սիրիական զինուժի ստորաբաժանումները, որպեսզի կարողանան հակահարված տալ թուրքական հարձակումներին: Որքան էլ Թուրքիան հոխորտում է, միևնույն է՝ հավատարիմ դաշնակիցների օգնությունը նրան շատ հարկավոր կլինի:
 
Իսկապես, երևի հենց ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի դիրքորոշումից է կախված՝ թուրք-սիրիական պատերազմ կսկսվի՞, թե ոչ: