Երկրի հարցերը լուծեցին, հիմա էլ տիեզերքն են ռազմադաշտ դարձնում

1967թ. սկսած` գործողության մեջ է «Տիեզերքի մասին» միջազգային համաձայնագիրը, որով տիեզերքի ռազմականացումն արգելվում է: Բայց երևում է` միջազգային համաձայնագրերն արդեն ուժը կորցրել են: Ավելի ճիշտ` որոշ երկրներ իրենց իրավունք են վերապահում դրանք արհամարհել:

Դե, եթե ռազմական ծախսերի համար հարյուրավոր ու տասնյակ միլիարդավոր դոլարներ են ներդնում, ինչո՞ւ չեն կարող իրենց հզորությունը նաև տիեզերական տարածության մեջ հաստատել: Ո՞ւմ ինչ գործն է, թե դա որքանով անհնար կդարձնի մարդու գոյությունն այս մոլորակի վրա: Կարևորը «թշնամիներից» հետ չմնալը և նրանց հաղթելն է:

Իսկ նման մտքեր արտահայտելու հիմք տալիս է ԱՄՆ նախագահի` Ազգային անվտանգության գծով խորհրդական Հերբերտ Մաքմաստերի հայտարարությունը` այդ երկրի Ազգային տիեզերական կոմիտեի երկրորդ նիստի ժամանակ, որը վարել է փոխնախագահ Մայք Փենսը: Ինչպես հաղորդել է «Ռիա նովոստի»-ն, Մաքմաստերն ասել է, թե չնայած ԱՄՆ-ը տիեզերքում պատերազմ չի ցանկանում, սակայն պետք է դրան պատրաստ լինի, դրա համար էլ մեծացնում է տիեզերական պաշտպանության ֆինանսավորումը:

- Տիեզերքը, ինչպես երկիրը, ծովը և օդը, հավասարապես դարձել է մարտական տիրույթ, և որքան էլ մենք չէինք ցանկանա հակամարտությունները տիեզերք տեղափոխել` Միացյալ Նահանգները պատրաստ կլինի այն դեպքի համար, եթե դա տեղի ունենա,- ասել է Մաքմաստերը:

Թրամփի խորհրդականը անվարան հայտարարել է, թե տիեզերական տարածքում լարվածությունը մեծանում է ԱՄՆ-ի «հակառակորդների» մեղքով, սակայն որոշակի երկրի անուն չի տվել: Թերևս` չի ցանկացել կրկնել ամերիկյան ազգային հետախուզության պետի խոսքերը, ըստ որոնց Չինաստանը և Ռուսաստանն են մեղավոր` տիեզերքը ռազմական նպատակներով օգտագործելու ջանքերը մեծացնելու համար:

Մաքմաստերը նշել է, որ նախատեսվում է 2019թ. ֆինանսական տարվա համար տիեզերական պաշտպանության ծախսերն ավելացնել ավելի քան 1 մլրդ դոլարով, իսկ առաջիկա հինգ տարում` ավելի քան 8 միլիարդով: Հիշենք, որ ԱՄՆ-ը աշխարհի ամենամեծ ռազմական բյուջե ունեցող երկիրն է:

Իսկ այս ամենից հետևում է, որ եթե տիեզերական թռիչքների հնարավորություն ունեցող ռազմատենչ երկրները մինչև հիմա «Տիեզերքի մասին» միջազգային համաձայնագրի արգելքով ինչ-որ չափով զուսպ էին գործում, այժմ արդեն կսկսեն զենքեր կուտակել մեր մոլորակի սահմաններից դուրս` օգտվելով իրենց համար միանգամայն հարմար այս առիթից: