Ձմեռային օլիմպիադան զույգ Կորեաների հարաբերություններում ձնհալ կառաջացնի՞

Կորեական թերակղզու երկու պետություներն այնքան քաղաքական կամք դրսևորեցին, որ ձմեռային օլիմպիական խաղերի առիթով կարողացան շփումների դաշտ ստեղծել: Հարաբերությունների ջերմացման նախաձեռնողը պաշտոնական Փհենյանն էր, իսկ Սեուլը նրանց, ըստ երևույթին, ճոխ ընդունելության է արժանացրել: Գոնե` պատվիրակության ամենաբարձրաստիճան անդամներին:

Լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, թե հյուրընկալ երկիրը 223 հազար դոլար է ծախսել` միայն ԿԺԴՀ մի պատվիրակության եռօրյա այցի համար, որի կազմի մեջ ներգրավված է եղել Կիմ Չեն Ընի քույր Կիմ Յո Չժոնը:

Ընդ որում, տվյալ պատվիրակությունը կազմված է եղել չորս անձից և 18-հոգիանոց սպասարկող անձնակազմից: (Կորեական արժույթով սա 240 միլիոն վոնա է, ինչն էլ հիմք է տալիս ասելու, թե այդ ընդունելությունը Սեուլի վրա միլիոններ է նստել): Իսկ ԿԺԴՀ-ից Կորեական հանրապետություն ժամանած ընդհանուր պատվիրակությունը բաղկացած է 500 մարզիկներից, պաշտոնյաներից ու արվեստագետներից: ԿԺԴՀ նախագահի քույրը և Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Կիմ Յոն Նամի գլխավորած փոքր պատվիրակությունը Հարավային Կորեա են  այցելել ավելի ուշ: Նրանք բանակցություններ են վարել Հարավային Կորեայի նախագահ Մու Չժե Ինի հետ և նրան հրավիրել այցելելու Փհենյան: 

Փհենյանը, սակայն, այսքանով չի բավարարվել` օլիմպիական խաղերի փակմանը (փետրվարի 25-ին) հատուկ բարձրաստիճան պատվիրակություն կուղարկի (հաղորդել է հարավկորեական «Ռենհափ» գործակալությունը): Հարավային Կորեայի ազգային միասնության նախարարության տվյալներով` ութ անձից բաղկացած նոր պատվիրակությունը գլխավորելու է Կորեայի աշխատանքային կուսակցության միասնական ճակատի բաժանմունքի վարիչ Կիմ Յոն Չխոլը: Տեղեկացվել է, որ այս պատվիրակության այցը խաղերի փակումից հետո երկու օր էլ դեռ կշարունակվի:  

Հարավկորեական գործակալությունը նաև նշել է, թե հնարավոր է, որ օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հանդիպի ԿԺԴՀ պատվիրակության հետ:

- Մենք կարծում ենք, որ փակման արարողության ժամանակ նախագահն անպայման կհանդիպի պատվիրակության հետ (նկատի ունի ԿԺԴՀ-ն),- Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի ներկայացուցչի խոսքն է մեջբերել գործակալությունը:

Այս ամենը կարծես հույսեր է ներշնչում, որ աշխարհի թեժ հակամարտություններից մեկը կարող է խաղաղ լուծում գտնել: Մտահոգիչը մեկնաբանություններն են, որոնք արվում են են կորեական ազգի երկու հատվածների այս ջերմացումը չխրախուսող ուժերի կողմից:

Միացյալ Նահանգներից, օրինակ, մեկնաբանություն է հնչել, թե Փհենյանի նպատակը Հարավային Կորեան իրեն միացնելն է: Իսկ սա արդեն չի կարող չազդել պաշտոնական Սեուլի տրամադրության վրա: Այն հանգամանքը, որ Օլիմպիադայի փակումից անմիջապես հետո նախատեսված է ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել, արդեն իսկ հարաբերությունների այս ձնհալի համար սառնամանիքի նշան է: