ՄԱԿ-ի ԱԽ-ն իրավիճա՞կ կփոխի, թե՞ հերթական անկշիռ բանաձևը կհրապարակի

Դամասկոսի արվարձան Արևելյան Գուտայում տիրող իրավիճակը քննարկելու նպատակով երեկ երեկոյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արտահերթ նիստ է գումարվել: Ըստ ռուսական լրատվամիջոցների պնդման՝ նախաձեռնողը եղել է ՌԴ-ն: Առիթը որոշ լրատվամիջոցներում տարածվող լուրերն են, թե կառավարական ուժերն այնտեղ իսկական սպանդ են իրականացրել:
 
Գրոհայինների վերահսկողության տակ գտնվող Արևելյան Գուտան արդեն 4 տարի է՝ Սիրիայի կառավարական ուժերի պաշարման մեջ է: Այդ տարածքը ներառված է ապառազմական գոտիների ցանկում՝ համաձայն Սիրիայում կրակի դադարեցման կարգի երաշխավոր երկրներ համարվող ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի միջև մայիսի 4-ին կնքված համաձայնության: Սակայն, ելնելով այն իրողությունից, որ Դամասկոսի հրետակոծությունները վերջ չունեն՝ կարելի է եզրակացնել, որ Արևելյան Գուտայում շրջափակվածները գերադասում են պատերազմական իրավիճակը: 
 
ՄԱԿ-ում պարբերաբար մտահոգություններ են հնչում այնտեղ տիրող իրավիճակի վերաբերյալ և պաշտոնական Դամասկոսին կոչ են անում հնարավորություն ստեղծել մարդասիրական օգնություն ուղարկելու համար: 
Փետրվարի 22-ի արտահերթ նիստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրության հարցերի գծով տեղակալ Մարկ Լոուկոկը տեղեկացրել է, որ համաշխարհային կազմակերպությունը տիրապետում է տվյալների, թե Արևելյան Գուտայում վերջին 24 ժամում նվազագույնը 50 մարդ զոհվել է, համարյա 200-ը՝ վիրավորվել: Իսկ փետրվարի 19-ին, նրա խոսքով, Արևելյան Գուտայի ռմբակոծությունների հետևանքով 300 մարդ է զոհվել: 
 
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին, սակայն, կասկածի տակ է առել զոհերի մասին տվյալները՝ դրանց համար մեղավոր համարելով սուտ տեղեկություններ հեռարձակողներին: Իսկ այդ լուրերի հեղինակներն ահաբեկիչներն են և նրաց հետ համագործակցող «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպությունը: Նա նաև ժխտել է տեղեկություններն այն մասին, թե Արևելյան Գուտայի ռմբակոծությունը Սիրիայի բանակն է իրականացրել: 
 
Հիանալի կլիներ, եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն այնքան ձեռնհաս ու անկողմնակալ լիներ, որ իրոք կարողանար  ապատեղեկատվական մեր ժամանակներում ճշմարտությունը վեր հանել՝ սեփական աղբյուրերին ապավինելով: Սակայն եթե այս քննարկումից հետո հերթական մի բանաձև է հրապարակելու, որը ոչ մի չափով չի բարելավելու Սիրիայում ու նրա մայրաքաղաքի շուրջը տիրող իրավիճակը, ապա նման «արտահերթ» քննարկումները քանի՞ գրոշ արժեն: