Գնալով ավելի քիչ են վստահում Մակրոնին

Արևմուտքի ղեկավարները, երևում է, իրենց ընտրողների ակնկալիքներն արդարացնել չեն կարողանում: Քիչ է, որ փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշն իջել է մինչև 35%, այժմ էլ հրապարակվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գործունեության գնահատականը, որը որակվել է ամենցածրը՝ երկրի նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո:
 
Ընտրությունների ժամանակ իր մրցակիցների նկատմամբ առավել քան համոզիչ հաղթանակ տանելուց հետո այժմ Մակրոնի վարկանիշը անկում է ապրել մինչև 43%-ի սահմանագիծը:
 
Տվյալները հրապարակել է «Էքսպրես» պարբերականը, որի պատվերով ուսումնասիրություն է իրականացրել «Օդոքսա» ընկերությունը: Ընդամենը մեկ ամսում Ֆրանսիայի նախագահի վարկանիշն իջել էր ամբողջ 6 կետով, դեկտեմբերից մինչև այժմ էլ զրկվել է ընտրողների 11%-ի հավանությունից: Ի դեպ, հարցի ձևակերպումն էլ հենց նպատակ է ունեցել պարզել, թե քաղաքացիները Մակրոնին լավ նախագահ համարո՞ւմ են: 
Պարզվել , որ ֆրանսիացիներին չի գոհացրել նաև երկրի վարչապետ Էդուարդ Ֆիլիպի գործունեությունը՝ նա մեկ ամսում կորցրել է քաղաքացիների 7%-ի վստահությունը, և այժմ պետք է բավարարվի ճիշտ այնքան վարկանիշով, որքան ունի երկրի նախագահը՝ 43%: 
 
Այս ցուցանիշը, սակայն, վերապահումով պետք է ընդունել: Մակրոնն ու Ֆիլիպը քրիստոնյա են ու ֆրանսիացի, իսկ ահա նրանց ղեկավարած երկրում այսօր քաղաքացիություն ունեն ավանդականից տարբերվող կրոնական, մշակութային, կենցաղային, բարոյական միջավայրի մարդիկ, որոնց ակնկալիքներն ու ձգտումները հաստատապես չեն համընկնում հազարամյակներով այդ հողը շենացրած ազգի շահերին ու մոտեցումներին:
 
Միամտություն կլիներ կարծել, թե եվրապական երկրներում այս տեսանկյունից շահեր չեն բախվում, իսկ ընտրված ղեկավարներն այնքան իմաստուն ու արդարամիտ են, որ ի զորու կլինեն բոլորի սպասումներն արդարացնել:
Իշխանություն ունենալը, սակայն, քաղցր կարգավիճակ է, և մեկ անգամ այն ճաշակողը չի վարանում երկրորդ անգամ նետվել ընտրապայքարի մեջ: Իսկ հերթական թույլատրված հաղթանակին հասնելու համար երկրների նախագահները ելքեր գտնում են: Դա են ապացուցում նրանց վերընտրվելու փաստերը: Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահի պաշտոնում նոր է սկսել իշխանության քաղցրությունը ճաշակել, սակայն արդեն հասցրել է համտեսել նաև դրա դառը պտուղները: 
 
Նա կամ մինչև հաջորդ ընտրապայքարը իրեն կդրսևորի որպես եվրոպական հզոր երկրի արժանի նախագահ, կամ տեղը կզիջի մեկ ուրիշին, որը գուցե շատ ավելի վճռական ու գիտակ կլինի՝ երկրի ներքին խնդիրները մեղմել և արտաքին աշխարհին սպառնացող կործանարար վտանգները կանխել: Ֆրանսիան, այնուամենայնիվ, այն երկիրն է, որը կարող է աշխարհում խաղաղություն ապահովելու երաշխիք դառնալ, եթե միջազգային կառուցներն իրենց թելադրանքներով չխոչընդոտեն: