Ներգաղթի արմատական պատճառներին՝ ռազմավարական լուծում

Եվրամիության համար ծանր բեռ դարձած ներգաղթյալների խնդիրը կառույցի ղեկավարությանը հանգիստ չի տալիս: Առաջացած ճգնաժամը հաղթահարելու համար էլ ամենագործուն միջոցը համարում են դրամական միջոցներ հատկացնելը: Այսօր ԵՄ խորհուրդը հավանություն է տվել մի առաջարկի, որի համաձայն հասարակության մեջ միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի նպատակով հատկացվում է լրացուցիչ 3,7 մլրդ եվրո:
 
- Խորհորդը հավանություն է տվել միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի նպատակով 3,7 մլրդ եվրո հատկացնելուն,-   նշված է ԵՄ խորհրդի մամուլի ծառայության հայտարարության մեջ: 
 
Եվրոպական ներդրումային բանկի նոր միջոցներն ուղղվելու են ներգաղթյալների վերաբերյալ այնպիսի ծրագրերի, որոնց նպատակն է «ռազմավարական տեսանկյունից լուծում տալ ներգաղթի արմատական պատճառներին»: Դրանք նախագծեր են, որոնց գործունեության շրջանակը Եվրամիությունից դուրս է՝ այն երկրներում, որոնցից փախստականները ձգտում են Եվրոպա հասնել:
 
Ներգաղթյալներին առնչվող ճգնաժամը Եվրոպայում գագաթնակետին է հասել 2015թ. ամռանը և այդ ժամանակից դարձել նրա հասարակության գլխավոր խնդիրը: ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գլխավոր պատճառնեից մեկը ևս սա է: Անցած երկուսուկես տարում Բրյուսելը փախստականների ճգնաժամը հաղթահարելու համար 10 մլրդ եվրո է հատկացրել: Այժմ էլ համոզվել է, որ եղած խնդիրներին լուծում տալու համար դա շատ քիչ է և այն լրացրել է նշված 3,7 մլրդ եվրոյով:
 
Այս ամենի մեջ, թերևս, ամենակարևորը «ներգաղթի արմատական պատճառներին» ռազմավարական լուծում տալու անհրաժեշտության գիտակցումն է: Թե որքանով է Եվրամիությունը ի զորու քննել, վերլուծել, գտնել ներգաղթի իրական, խորքային պատճառները, դրանց ակունք երկրներում կարգավորել իրավիճակները, կանխել հետագա բացասական զարգացումները՝ խիստ կասկածելի է: 
 
Եթե Բրյուսելում նման որակներ գնահատվեին, հիմա պետք է որ Սիրիայում վերահսկելի իրավիճակ տիրեր, Թուրքիայի հարձակումները դատապարտվեին, Սիրիայի իշխանություններն էլ բոլոր դժբախտությունների միակ մեղավորը չհռչակվեին: Աշխարհի ամբողջ կապիտալն էլ ոչ թե դեպի գերտերությունների բանկերն ու գրպանները պիտի հոսեր, այլ ներդրվեր երկարամյա թալանից աղքատացած երկրների բնակիչների նյութական ու կրթական ապահովությանը: