Սկսվել է ամերիկաիսրայելական զորավարժությունների տասնօրյակը

Երկրների համատեղ զորավարժություններն ինքնին զարմանալի չեն, և մեր օրերում այնքան հաճախակի են տեղի ունենում, ասես մարդկության պայծառ ապագայի միակ երաշխիքն են:

Սակայն երևում է՝ տարածաշրջանում զորավարծությունների անվան տակ լրացուցիչ զինվորականներ կուտակելով՝ Միացյալ Նահանգներն իր անդավաճան բարեկամ Իսրայելի հետ միասին, պատրաստվում է երկարատև և անզիջում պայքարի: Իսկ նրա ոխերիմ թշնամիները, ինչպես հայտնի է, Սիրիայի նախագահ Բաշար Ասադն է և իհարկե՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Մինչ Սիրիայում արյունալի իսկական պատերազմ է ընթանում, նրան սահմանակից Իսրայելում երեկվանից մեկնարկել են կեղծ ռազմական գործողություններ, որոնք մեկ խոսքով կոչվում են զորավարժություններ: Ինչպես ՏԱՍՍ գործակալությանը հաղորդել են Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից` սրանք Հակաօդային պաշտպանության մեծածավալ զորավարժություններ են և անց են կացվում ԱՄՆ-ի հետ համատեղ: Մամուլի ծառայության աշխատակցուհին հաստատել է, որ «Գիհու կոբրա» անունը կրող այդ գործողություններն արդեն իսկ մեկնարկել են և տևելու են մինչև մարտի 15-ը:
Նշվել է, որ սրանց նպատակն է ամրապնդել երկու երկրների զինվորականների համագործակցությունն ու համակարգումը և ընդարձակել օդային պաշտպանության հնարավորությունները:

- 2001թ. այս կողմ սա «Գիհու կոբրայի» 11-րդ զորավարժությունն է, որը մասն է Իսրայելի պաշտպանության բանակի ամենամյա վարժանքների,-  պարզաբանել են իսրայելական բանակի մամուլի ծառայությունից:

Նույն աղբյուրը տեղեկացրել է, որ այս համատեղ զորաշարժերի շրջանակում մշակվելու են սցենարներ, ըստ որոնց ամերիկյան զորքը գործողություններ է ծավալում Իսրայելում՝ որպես օգնություն հրեական պետության ռազմաօդային ուժերին:
Ընդ որում, պարզվում է՝ այս զորավարժություններին ամերիկյան կողմից ավելի շատ զինվորականներ են մասնակցելու, քան իսրայելական: Ամերիկյան բանակից  կեղծ մարտերին մասնակցելու են 2500 զինորականներ, իսկ Իսրայելի պաշտպանության բանակը տրամադրել է ՀՕՊ զորքերի, ապահովության և բուժանձնակազմի 2000 զինվորականներ:

Տպավորիչ են նաև զինատեսակները, որոնք ցույց են տալու ամերիկյան և իսրայելական համատեղված ուժի զորությունը՝ «Նետ» (Arrow), «Երկաթե գմբեթ» (Iron Dome), «Հայրենասեր» (Patriot) և «Դավթի պարսատիկ» (David Sling) անուններով հայտնի՝ Հակաօդային պաշտպանության և Հակահրթիռային պաշտպանության համակարգերը: