Սանկտ-Պետերբուրգի ահաբեկչությունը՝ սառը պատերազմի դրսևորո՞ւմ

Ցավալի է, սակայն միջազգային ահաբեկչություն կոչված մարդակուլ ախտը ոչ միայն բուժման նշաններ չի ցուցաբերում, այլև բուռն թափ առած համաճարակի նման նորանոր բնագծեր է նվաճում: Եվ որ կողմից էլ այս իրողությանը նայում ես, միակ ելքն իսկապես մնում է սթափ դատող հասարակություններին համախմբելը: Որովհետև քանի դեռ սայլին լծված յուրաքանչյուր արարած շահավետ բեռն իր կողմն է քաշում, ամեն վայրկյան կարող է նույն բեռի հետ պայթել՝ ահաբեկչի կամոք:
Սանկտ-Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությանն անդրադառնալով՝ ռուսաստանյան «Ժամանակի էությունը» շարժման ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանն Առաջին ալիքի առաջին ստուդայի մոսկավյան տաղավարում ասել է, թե դա սառը պատերազմի դրսևորում է: 10-ից ավելի մարդու կյանք խլած և մոտ 50-ի վիրավորվելու պատճառ դարձած պայթյունը արդեն ահաբեկչություն է որակվել. հայտնի է, որ մեկ այլ պայթուցիկ սարք էլ հնարավոր է եղել վնասազերծել: 
 
Սանկտ-Պետերբուգը սգի մեջ է, քաղաքի բնականոն կյանքը խաթարվել է: Չէ՞ որ նման իրավիճակներում մարդ ամեն անկյունում նոր սպառնալիք է ակնկալում: Վերջին տասնամյակների ընթացքում բազմաթիվ ահաբեկչական գործողություններ, զոհեր ու ավերածություններ տեսած ռուսաստանցիներն էլ, բնականաբար, ավելի զգուշավոր ու նյարդային են դարձել:   
 
Կուրղինյանը խոսել է արևմտակախվածության (իր բառն է) վտանգներից, Բելգրադի, Դոնեցկի ճակատագրերից և զգուշացրել, որ սառը պատերազմի ժամանակներն են վրա հասնում, իսկ պիտերյան ահաբեկչությունը ընդամենը դրա մի մասն է: 
 
- Եվ փառք կտանք աստծուն, - ասել է քաղաքագետը, - եթե դա լինի սառը, այլ ոչ թե տաք պատերրազմ: 
 
Այդպիսի տաք պատերազմից միակ փրկությունն էլ համարել է «կանոնավոր, լավ ձևակերպված սառը պատերազմը»: Նրա կարծիքով՝ պատերազմական իրավիճակը գոնե այս աստիճանի վրա պահելու համար չի կարելի թույլ տալ, որ Ռուսաստանի հասարակության ներսում պառակտումներ լինեն: Միայն այդ պարագայում է հնարավոր համարում, որ Մոսկվան չդառնա նույնպիսի «ավտոմատավոր» քաղաք, ինչպիսիք  դարձել են երբեմնի հաջողակ Բելգրադը և «պերճաշուք» Դոնեցկը:  
 
- Իսկ դա թույլ տալ չի կարելի,-ասել է նա: 
 
Որևէ հասարակության ներսում պառակտում թույլ չտալը, սակայն, այս դարում շատ անհավանական է թվում: Այն էլ՝ Ռուսաստանի նման հսկայածավալ երկրում, ուր մարդիկ տարբեր կրոնների են դավանում, որն ազգերի մի մեծ խառնարան է, որտեղ քաղաքական կուսակցություններ են իրար դեմ պայքարում, նախկին խորհրդային հանրապետություններից բազմաթիվ աշխատանքային միգրանտներ են գալիս ու գնում, աղանդների գրոհին դիմադրում, բարոյազրկության ու արժեքների վերագնահատման  ճնշումին ենթարկվում… Հենց նույն պառակտվածության վկայությունը չէ՞ այս  ահաբեկչության մահապարտը: «Գազետայի» տվյալներով՝ անկացված քնությունից հետո  ենթադրվում է, որ նա Ղղզստանից է, ունի Ռուսաստանի քաղաքացիություն, կապեր է ունեցել միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ: