Մեծ Բրիտանիան բացում է մի ճանապարհ, որով գուցե շատերն ուզենան անցնել

ԱՌԱՋԻՆ ԵԼՔԸ ԵՎՐԱՄԻՈւԹՅՈւՆԻՑ

Մեծ Բրիտանիան, որի քաղաքացիների թվում ոչեվրոպացիներն արդեն միանգամայն զգալի են, 2016թ. ամռանը քվեարկեց Եվրամիությունից դուրս գալու օգտին: Դրանից մեկ տարի անց Լոնդոնն ու Բրյուսելն սկսեցին դեռևս չավարտված բանակցությունների մի շարք, որոնց նպատակն է քայլ առ քայլ մշակել այս աննախադեպ երևույթի պայմանները: Ընդ որում, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ով ստիպված է կարգավորել Brexit անունով հայտնի այդ գործընթացի բոլոր կետերը, ինքն անձամբ խիստ դեմ է դրան:
 
Տիկին Մեյին շատ է մտահոգում հետագայում ԵՄ-ի հետ սերտ հարաբերություններ պահպանելու հնարավորությունը, ուստի զարմանալի չէ, որ մարտի 6-ին Brexit-ի բանակցությունների գծով Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Գի Վերհոֆստադի հետ հենց այդ հարցն է քննարկել: Այդ մասին տեղեկություն է տարածել բրիտանական վարչապետի գրասենյակը, որի հրապարակած ամփոփագրում նշված է, որ կողմերը «քննարկել են ԵԽ-ի առաջարկությունը ՝ ստեղծել հանրակարգային կառույցներ, որպեսզի ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև ապագայում սերտ հարաբերություններ կառուցվեն»:
 
- Վարչապետը նաև ներկայացրել է ապագա տնտեսական համագործակցության իր տեսլականը: Նա դարձյալ հայտարարեց, որ դեմ է Իռլանդիայի Հանրապետության և Հյուսիսային Իռլանդիայի միջև խիստ սահմաններ հաստատելուն և նշեց, որ շատ կարևոր է հանդիպում անցկացնել իռլանդական կառավարության, Եվրահանձնաժողովի և Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական դեմքերի միջև, որպեսզի  գործնական որոշումներ մշակվեն,- հաղորդել է մամուլի քարտուղարը: 
 
Մեյն ու Վերհոֆստադը համաձայնել են՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը կարևոր է, այդուհանդերձ Մեյը մատնանշել է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո և անցումային փուլում, եվրոպական երկրներից այնտեղ ժամանող քաղաքացիների սպասումները «չեն համընկնելու նրանց սպասումներին, ովքեր եկել են նախքան ԵՄ-ից դուրս գալը»: Իսկ անցումային փուլը տևելու է 2019թ. մարտի 29-ից մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը, որից հետո Մեծ Բրիտանիան Եվրամիության հետ կառնչվի այնքանով, որքան հնարավորություն կընձեռեն ընթացող բանակցությունների արդյունքները:  
 
Թե ինչպիսին կլինի Եվրամիության ապագան՝ առայժմ դժվար է կանխատեսել, բայց չի բացառվում, որ Մեծ Բրիտանիայի օրինակին շատերը հետևեն: Ըստ էության հնարավոր է՝ այսօր Թերզա Մեյի կառավարությունը բացում է մի ճանապարհ,  որը խոչուխութերից մաքրում է ուրիշ պետությունների ընթացքը: Ու գուցե նաև սա է պատճառը, որ Եվրամիությունից առաջին այս ելքի ամբողջ գործընթացը աշխարհի սևեռուն ուշադրության ներքո է: