Կալիֆորնիան՝ ընդդեմ Թրամփի սահմանած «միակողմանի կանոնների»

Մինչ նախագահ Թրամփը փորձում է համայն աշխարհում ամեն ինչ առնել իր վերահսկողության տակ և բոլորին իր կամքն ու կարգերը թելադրել, պարզվում է՝ անգամ «սեփական տանը» նրա իշխանությունն աներկբա չեն ընդունում:
 
Պատճառը անօրինական ներգաղթյալներն են, որոնց դեմ Դոնալդ Թրամփը խոստացել էր գործուն պայքար սկսել նախագահի պաշտոնն զբաղեցնելուն պես: Իր խոսքի տերը լինելով՝ նա անցած տարի հրաման է ստորագրել, որով դադարեցվում է անօրինական ներգաղթյալների նկատմամբ չափավոր քաղաքականություն որդեգրած որոշ խոշոր քաղաքների ֆինանսավորումը:
 
Ըստ էության՝ Լոս-Անջելեսի, Սակրամենտոյի, Մայամիի, Նյու-Յորքի, Չիկագոյի, Սան-Ֆրանցիսկոյի, Հյուսթոնի նման խոշոր քաղաքների իշխանություններն իրենց տարածքներ ժամանած անօրինական ներգաղթյալներին չեն հետապնդում, եթե նրանք խախտում են ներգաղթի օրենսդրությունը: Ահա և ԱՄՆ արդարադատության նախարարությունը այդ հարցով դատական հայց է ներկայացրել Կալիֆորնիայի իշխանությունների դեմ: Այդ մասին մարտի 7-ին հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարար, գերագույն դատախազ Ջեֆ Սեշնսը: 
 
ԱՄՆ վարչակազմը մտադիր է հասնել նրան, որ դատարանը արգելք դնի Կալիֆորնիայի որոշ օրենքների վրա, որոնք արգելում են ներգաղթի վերաբերյալ հարցերում համագործակցել դաշնային իշխանությունների հետ: Խոսքը, մասնավորապես, իրավիճակների մասին է, որոնք ոստիկանին արգելում են քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ պահանջել, ինչպես նաև դաշնային իշխանությունների հետ համագործակցել արտահանձնման հարցերում: 
 
ԱՄՆ իշխանությունները համարում են, որ նման օրենքները հակասում են սահմանադրությանը, բացասաբար են անդրադառնում անվտանգության վրա և խաթարում են ներգաղթի դաշնային ծառայությունների աշխատանքը: Կալիֆորնիական հեռուստաալիքները հեռարձակել են նահանգի մայրաքաղաք Սակրամենտոյում նախարարի հնչեցրած խոսքերն այն մասին, թե նախագահ Թրամփի վարչակազմը մտադիր է պայքարել այդ «անմիտ, անազնիվ ու հակասահմանադրական միջոցների դեմ»: Իսկ հյուրանոցի առջև, որտեղ Սեշնսն իր ելույթն է արտասանել, ցույց են արել ներգաղթյալների նկատմամբ Թրամփի վարչակազմի ձեռնարկած միջոցառումներին դեմ բողոքողները: 
 
Ուշագրավ է, որ Կալիֆորնիայի նահանգում դաշնային դատարանն արգելք է դրել որոշ քաղաքների ֆինանսավորումը դադարեցնելու վերաբերյալ Թրամփի վարչակազմի կազմած փաստաթղթի վրա: Դատավորը համարել է, որ ԱՄՆ նախագահն իրավունք չունի միակողմանիորեն սահմանել կանոններ, որոնք կարգավորում են դաշնային ծախսերը:
 
Ամերիկան երազանք է մնում շատերի համար, և եթե նրա դռները լայնորեն բացեն, անկասկած մարդկային հսկայական զանգվածներ այնտեղ ապաստան կգտնեն և, ըստ իրենց նկարագրի ու պահանջների, կսկսեն ապրուստ որոնել: Ահաբեկիչներով գերհագեցած մեր օրերում նմանների պակաս նույնպես չի լինի, իսկ դրանից զգուշանալ, իրոք, արժե: