Համենեի. «Սա մե՛ր տարածաշրջանն է»

Որ կողմից էլ նայում ենք, այսօր աշխարհի մի բևեռում այսպես կոչված Արևմուտքն է՝ ԱՄՆ-ի առաջնորդությամբ ու Իսրայելի թելադրող դերով, մյուս բևեռում՝ մի քանի երկիր, որոնց դեմ Արևմուտքը արժեքների, իսկ ավելի ճշգրիտ՝ գերիշխող դերի պայքար է մղում:
 
Հակառակ բևեռի այդ երկրների թվում Իրանը հատուկ տեղ ունի, և Արևմուտքը ջանքեր չի խնայում մեր այս դարավոր հարևանին ամեն կերպ անկյուն քշելու, մեկուսացնելու համար: Մերձավոր Արևելքում Թուրքիան է ներխուժել ու մարտական գործողություններ է վարում ուրիշ պետության տարածքում, իսկ նախազգուշացումներ Իրանն է ստանում:
 
Նման նախազգուշացումներից մեկն է, օրինակ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամերդ Բեն Սալմանի հայտարարությունն այն մասին, թե շատ կարևոր է հակադարձել «տարածաշրջանում Իրանի ապակայունացնող գործողություններին»: Այս և նման հայտարարություններին մարտի 8-ին արձագանքել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Համեմնեին: Նա հայտարարել է, թե Իրանը մտադիր չէ մերձավորարևելյան տարածաշրջանում իր ներկայությա մասին բանակցություններ վարել ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ:
 
- Եվրոպական երկրները գալիս և ասում են, թե ցանկանում են Իրանի հետ բանակցություններ վարել տարածաշրջանում նրա ներկայության մասին: Ձեր ի՞նչ գործն է: Դո՞ւք ինչու եք այստեղ: Սա մե՛ր տարածաշրջանն է,- Համենեիի խոսքերն է փոխանցել khamenei.ir կայքը:
 
Այնուհետև նա խոսել է տարածաշրջանում ԱՄՆ-ի «համատարած կոռումպացված և քրեական ներկայության» մասին ու նշել, որ չնայած դրան՝ նրանք պարբերաբար անբավականություն են հայտնում այնտեղ Իրանի ներկայության համար: 
 
- Մենք տարածաշրջանում մեր ներկայության մասին պետք է բանակցություններ վարենք տարածաշրջանի՞ երկրների կառավարությունների հետ, թե՞ ձեզ հետ,- ԱՄՆ-ի իշխանություններին է դիմել Համենեին:
 
Մերձավոր Արևելքը հազարամյակների ընթացքում շատ է փոփոխվել, այնտեղ ահնընդհատ պատերազմներ են մղվել, պետություններ են հաստատվել ու վերացել, ազգեր են բնաջնջվել, նրանց տեղն զբաղեցրել են բոլորին իշխել ձգտող վայրի խուժանները: Այնտեղ մի հսկայական «արևմտյան» կայսրություն է կործանվել՝ տեղը զիջելով օսմանյան թուրքերին, ու այսօր էլ այնպիսի բաներ են կատարվում, այնպիսի հեռանկարներ են նշմարվում, որոնցից մարդկությունը վերստին միայն կորուստներ կարող է ունենալ: 
 
Դրա դեմը կարող է առնել թերևս միայն տարածաշրջանի «մշտաբնակների» համախմբումն ու ամուր դիրքը: Մինչդեռ  այստեղ Իրանից հին թերևս միայն Հայաստանն է եղել: Իսկ ԱՄՆ-ն ու Եվրոպան պիտի որ կարողանան չարը բարուց տարբերակել: Դա նաև իրե՛նց շահերից է բխում: