Գերմանիայի համբերությունը կարծես սպառվել է

Գերմանիայում քաղաքական ճգնաժամը կարծես թե արդեն տեղի է տալիս, կոալիցիան ձևավորվում է, նոր կառավարության կազմն էլ տեսանելի է դառնում: Այդ նոր կառավարությունում մասնավորապես փոխվելու է նաև ներքին գործերի գերատեսչության ղեկավարը:

Երևում է՝ անօրինական ներգաղթածներն այդ երկրի համար իսկական պատուհաս են դարձել, և զարմանալի չէ, որ նոր «նախարարացու» Հորսթ Զեեհոֆերը, դեռևս պաշտոնը չստանձնած` խոսել է նրանց նկատմամբ խիստ քաղաքականություն մշակելու անհրաժեշտության մասին:

Bild am Sonntag-ին տված հարցազրույցում Զեեհոֆերն ասել է, թե Գերմանիան պետք է արագացնի այն օտարերկրացիների արտաքսման գործընթացը, որոնք երկրում մնալու իրավունք չունեն, և ՆԳՆ-ն պետք է շուտով գործողությունների նոր ծրագիր մշակի: Ի դեպ, նա Գերմանիայի Քրիստոնեա-սոցիալական միություն կուսակցության ղեկավարն է:
 

- Պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո ես կհավաքեմ նախարարության և ստորադաս գերատեսչությունների բոլոր աշխատակիցներին, որպեսզի արագացված ռազմավարություն մշակվի  ապաստան ստանալու դիմումների ուսումնասիրման, ինչպես նաև ավելի հետևողական արտաքսման համար: Արտաքսման դեպքեր պետք է զգալիորեն ավելի շատ լինեն: Մասնավորապես, մենք պետք է ավելի կոշտ գործելակերպ մշակենք հանցագործների և հնարավոր ահաբեկիչների նկատմամբ,- ասել է Զեեհոֆերը:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին մարդկությանը արիների և ոչ արիների բաժանած և «մաքուր արիական» միջավայրի ձգտող Գերմանիան պարտությունից հետո բառացիորեն ողողվեց բնակիչներով, որոնց մեծ մասը ոչ մի աղերս չուներ ֆաշիստների պատկերացրած մարդատեսակի հետ: Սա գուցե պատմության վրեժն էր` սանձազերծված այդ պատերազմի տասնյակ միլիոնավոր զոհերի ու տուժածների համար: Նաև` Առաջին համաշխարհայինի տարիներին Հայոց ցեղասպանությունն իրականացնելու գործում թուրքերի հետ համագործակցելու համար: Բայց երևում է՝ գերմանացիների համբերությունն իրոք սպառվել է:

Ապագան ցույց կտա, թե ինչ հաջողությամբ նոր նախարարը կփորձի փրկել իր երկրի «գերմանական» դեմքը և ներգաղթող ահաբեկիչներից ու քրեական տարրերից ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը: Այնտեղից, թերևս, «մի ձեռքով» կարտաքսեն որոշակի տարրերի (չի բացառվում՝ նաև որոշ հայերի), իսկ «մյուս ձեռքով» ստիպված կլինեն ընդունել ներգաղթյալների նոր խմբերի, քանի որ աշխարհում չի կատարվել մի բան, որի շնորհիվ պակասեր անապահով երկրների բնակիչների հոսքը դեպի «արևմտյան դրախտավայր»: