100 տարեկանն էլ պետք է հասարակության լիիրավ անդամ լինի

Այսօրվա աշխարհում 100 տարի ապրելը կարծես այնքան էլ դժվար չէ, այդուհանդերձ՝ քչերին է հաջողվում: Պարզվում է՝ Ռուսաստանի Դաշնությունում 7000 մարդ անցել է 100-ի սահմանը և շարունակում է կյանքը վայելել: Երկրի իշխանություններն էլ խոստանում են դրա համար պայմաններ ստեղծել:
 
Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել երկարակեցությանը նվիրված միջազգային համաժողով, որտեղ ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը ասել է, թե 7000-ն իրոք մեծ թիվ է և առաջիկայում անպայման ավելի է մեծանալու:
 
- Շատ կարևոր է որակյալ դարձնել նրանց կյանքը, ովքեր անցել են տարիքային որոշակի սահմանը: Եթե նախկինում 100-ն անցած մարդկանց թիվը սահմանափակվում էր տասնյակներով, ապա այժմ 7000-ից ավելի է,- ասել է Գոլոդեցն ու ավելացրել, որ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի 100+ տարիք ունեցող մարդիկ իրենց հասարակության լիիարավ անդամ զգան: 
 
Խոսելով մոսկվացիների մասին՝ Գոլոդեցը նշել է, թե նրանց կյանքի միջին տևողությունը մեկ-մեկուկես տարի անց կհասնի 80-ի (որոշ տվյալներով՝ այժմ 78 է): Ուշագրավ է, որ դրանից առաջ Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, թե եկող տասնամյակի վերջին պետք է հասնեն կյանքի միջին տևողության 80-ամյա տարիքի:
 
Պետություններում մարդու կյանքի տևողության միջին ցացանիշը գրեթե միշտ խոսում է տվյալ երկրի  հնարավորությունների, նախ և առաջ առողջապահության համակարգի վիճակի մասին: Խորհրդային Միությունում համարվում էր, որ քաղաքացիների կյանքի միջին տևողությունը 80-ից ավելի է: Հսկա համակարգի տապալումից հետո բոլոր անկախացած երկրներում այդ ցուցանիշն ըստ էության իջավ: Խորհրդային Միությունը վերականգնել երազող Պուտինը, երևում է՝ երկարակեցությունն էլ է ներառել վերականգնվող «մեծությունների» ցանկում: 
 
Երկարակեցությունը, իհարկե, շատ լավ բան է, սակայն ինչպես նշվել է, կարևորը տարեց մարդկանց կյանքի որակն ու հասարակության մեջ ներգրավվածությունն է: Թե որքանով է դա ՌԴ-ում բարվոք վիճակում՝ այնտեղ ապրողները կիմանան: Գուցե ՌԴ նախագահի ու կառավարության այս շեշտադրումներն ուղղակի նախընտրական քարոզի բաղկացուցիչներից են, բայց՝ ճիշտ նշանակետ: Լավ կլինի՝ Հայաստանում նույնպես դա կարևորեն ու գործնական քայլեր ձեռնարկեն: Թե չէ՝ մեզ մոտ գործատուները 35 տարեկանին արդեն թոշակառուի թեկնածու են համարում, էլ ուր մնաց՝ 70-ն անց մարդկանց բարօրությունը հոգան: