Ամերիկյան դիվանագիտությանը «մկանների ուժն» էր պակասում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սկսել է ազատվել իր վարչակազմի այն անդամներից, որոնք միանշանակ «այո» չեն ասում իր պարտադրած քաղաքականությանը: Ըստ երևույթին՝ միջազգային ասպարեզում բացարձակ «միապետության» ձգտող նախագահին հարկավոր է այնպիսի արտգործնախարար («ամերիկերեն»՝ պետքարտուղար), որի ղեկավարությունը հիմնված լինի «մկանների ուժի ցուցադրության վրա» (CNN-ի բնորոշումն է):
 
Ահա և երեկվանից շրջանառվում և քննարկվում է այն կարևոր լուրը, որ «Թուիթերի» իր էջում Թրամփը հայտարարել է, թե Թիլերսոնին ազատում է, որպեսզի նրա փոխարեն նշանակի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայքլ Պոմպեոյին:
 
- ԿՀՎ-ի տնօրեն Մայքլ Պոմպեոն կդառնա մեր նոր պետքարտուղարը: Նա ուղղակի ֆանտաստիկ կերպով կաշխատի: Ռեքս Թիլերսոնից շնորհակալ եմ՝ իր աշխատանքի համար,- մասնավորապես գրել է Թրամփը: 
 
Նշենք, որ փորձագետներն ու ամերիկյան լրատվամիջոցները վաղուց էին նախազգուշացնում, որ անցած տարվա փետրվարի 1-ին պետքարտուղար նշանակված Ռեքս Թիլերսոնը երկար չի պաշտոնավարի: Իսկ Մայքլ Պոմպեոն, որի թեկնածությունը դեռևս պետք է հաստատի Կոնգրեսի խորհուրդը, ԿՀՎ է գնացել Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամությունով: 
 
«Վաշինգթոն փոսթը» գրել է, թե պաշտոնաթող լինելու առաջարկ Թիլերսոնը դեռևս մարտի 8-ին է ստացել, իսկ CNN-ի տվյալներով՝ Ամն պետքարտուղարն այդ պատճառով կրճատել է աֆրիկյան երկրներ իր այցի ժամկետը: Մեկ այլ լրատվամիջոց՝ «Ասոշիեյթեդ փրեսն» էլ «Թուիթերի» իր էջում նշել է՝ Թրամփն ընդգծել է, որ Թիլերսոնին ազատելու որոշումն ինքն է կայացրել, և Թիլերսոնը հիմա պետք է որ շատ ավելի երջանիկ լինի:
 
ԱՄՆ-ում այս պաշտոնաթողությունն արդյո՞ք չի նշանակում, որ Թրամփը շատ ավելի է լարելու միջազգային իրավիճակը՝ դիցուք որևէ «անհնազանդ» երկրի կամ ամբողջ տարածաշրջանի պատերազմ հայտարարելով: 
 
Պատմության մեջ դեպքեր են եղել, ճիշտ է՝ եզակի, երբ ԱՄՆ նախագահն այս կամ այն պատճառով հրաժարական է տվել: Ամերիկայի ընտրողները երևի շարունակելու են այս իրավիճակում Թրամփին «գահընկեց» անելու փորձերը, միայն թե՝ ոչ անբարոյական կանանց հետ առնչելու եղանակներով, ինչը անցած շաբաթ ձախողվեց: