Աշխարհի «ամենախելացի» քաղաքները

Որոշվել է աշխարհի «ամենախելացի» քաղաքների վարկանշային տասնյակը: Ցանկը կազմել են Juniper Research-ի և Intel-ի փորձագետները, ովքեր հաշվի են առել, թե որքան են զարգացած քաղաքային ենթակառուցվածքների կառավարմանը նպաստող համացանցային  տեղեկությունների տեխնոլոգիաները: Փորձագետները համոզված են, որ համացանցային տեղեկությունները կարող են վերափոխել քաղաքացիների կյանքը և ներգործել նրանց առօրյայի վրա:

Քննելով քաղաքներում տիրող վիճակը «առողջապահություն», «արդյունավետություն», «արագաշարժություն» և «անվտանգություն» դասակարգումներում՝ նրանք աշխարհի «ամենախելացի» քաղաքների տասնյակը դասավորել են հետևյալ հերթականությամբ:

10-րդ ամենախելացի քաղաք է ճանաչվել ավստրալական ՄԵԼԲՈՒՌՆԸ` այդ երկրի երկրորդ խոշոր քաղաքը, Վիկտորիա նահանգի մայրաքաղաքը:

9-րդը իսպանական ԲԱՐՍԵԼՈՆՆ է, որի շուրջ արդեն կես տարի քաղաքական կրքեր են բորբոքվում, բայց երևում է՝ քաղաքը դրանից չի «հիմարացել»: 

8-րդը Ճապոնիայի մայրաքաղաք ՏՈԿԻՈՆ է, և դա ոչ մեկին չի զարմացնի. չէ՞ որ Երկրորդ համաշխարհայինում պարտված ու թուլացած Ճապոնիան հետագայում տեխնիկական այնպիսի հրաշք գործեց, որ ապրանքի  «ճապոնական» պիտակն սկսեց ինքնին որակի նշան ընկալվել: 

7-րդը նույն աշխարհամարտում պարտված Գերմանիայի մայրաքաղաք ԲԵՌԼԻՆՆ է:

6-րդը Հարավային Կորեայի մայրաքաղաք ՍԵՈՒԼՆ է:

5-րդ տեղում ամերիկյան ՉԻԿԱԳՈՆ է. քաղաք, որը ժամանակին հռչակվել էր հանցավոր տարրերի գործունեությամբ, իսկ այժմ փառաբանվում է որպես «խելացիներից» մեկը:
Աշխարհի 4-րդ ամենախելացի քաղաքը նույնպես ԱՄՆ-ում է՝ ՍԱՆ-ՖՐԱՆՑԻՍԿՈՆ:

Վեջապես ամենախելացի քաղաքների այս իրար հաջորդող եռյակը եզրափակում է ՆՅՈՒ-ՅՈՐՔԸ:

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք ԼՈՆԴՈՆԸ աշխահի երկրորդ ամենախելացի քաղաքն է համարվել: Միայն թե այստեղ անվտանգությունը հարցը նույնչափ փայլուն վիճակում չէ՝ աշխարհի ուրիշ վեց քաղաքներ նրանից առավել անվտանգ են ճանաչվել:    

Իսկ ահա ՍԻՆԳԱՊՈՒՐԻՆ ոչ մի դասակարգումով գերազանցող չի եղել: Իր թռիչքային զարգացմամբ աշխարհի մյուս երկրների համար օրինակ ծառայող կղզային քաղաք-պետությունը «ամենախելացիներից» 1-ինն է: Բնական է, որ այնտեղ ապահով կյանք վարելու ձգտումը շատ արկածախնդիրների է հրապուրում, ուստի զարմանալի չէ, որ Սինգապուրում, ի լրումն թվարկածների, գործում են նաև հանցագործներին հայտնաբերելու տեսահսկող տեխնոլոգիաներ: 

Նույն համացանցը այսօր ամբողջ աշխարհին հնարավորություն է տալիս ճանաչել ուրիշների լավ կողմերը և մերժել անօգուտն ու վնասակարը: Գուցե փորձագետների այս հետազոտությունը աշխարհի մյուս քաղաքների կառավարիչներին հուշի, թե ինչպես առավել անվտանգ ու ապահով դառնալ: Իսկ մերօրյա աշխարհում դա մարդկությանն օդի ու ջրի պես է անհաժեշտ: