Ճապոնիայի կառավարությունը վարկաբեկության շեմին է

Վերջին տասնամյակների պատմությունից դատելով՝ Ճապոնիայի առաջին դեմքերը իշխանությունից այնքան կառչած չեն, որ բացահայտված կեղծիքներն անտեսեն ու ամեն գնով մնան բարձր աթոռին:

Ասել է թե` բացառված չէ, որ մարտի վերջերին հնագույն պատմություն ու վառ արտահայտված մշակույթ ունեցող այս երկիրը քաղաքական ցնցումների մեջ ընկնի: Իսկ այդ ցնցումներից հավանաբար դուրս կգա՝ աշխարհին մի նոր դաս տալով, թե որքան անշահախնդիր պետք է լինեն պետության առաջին դեմքերն ու ինչպես պետք է քավեն մեղքերը, որոնցից ոչ մի մարդ երաշխավորված չէ:

Ճապոնիայում հասունացող քաղաքական աղմկահարույց իրավիճակն այդ երկրի փոխվարչապետին ու համատեղության կարգով ֆինանսների նախարարին զրկել է «Մեծ քսանյակի» երկրների ֆիննախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպմանը մասնակցությունից: Հանդիպումը տեղի է ունենալու մարտի 19-20-ին Արգենտինայում:

Տարո Ասոյին այնտեղ կփոխարինի ֆինանսների փոխնախարարը, իսկ ինքը հարկադրված է ներկա լինել երկրի խորհրդարանի մարտի 19-ի նիստին, որն ամբողջությամբ պետք է քննարկի երկրի վարչապետ Ակիե Աբեի ընտանիքին առնչվող ֆինանսական խախտման մի նախադեպ: (Kyodo-ի փոխանցմամբ՝ նման տեղեկություն հայտնել է ճապոնական խորհրդարանի վերին պալատի ներկայացուցիչը, որը պատգամավորի մանդատ է ստացել կառավարող Լիբերալ-ժողովրդավարական կուսակցությունից):

Հսկայական տպաքանակ ունեցող Asahi լրագիրը բացահայտել է, որ ազգայնական ուղղվածության «Մորիտոմո հակուեն» կրթական հաստատությանը վաճառվել է պետական հողատարածք, ինչի դիմաց պետության գանձարան է վճարվել շուկայականից յոթնապատիկ պակաս գումար: Կրթական հաստատությունը պետք է Օսակա պրեֆեկտուրայի Տայոնակա քաղաքի այդ հողակտորի վրա մասնավոր տարրական դպրոց հիմներ, որի պատվավոր տնօրենն էր դառնալու վարչապետի կինը: Նշվում է, որ այդ հաստատությունը և վարչապետի ընտանիքը մերձ հարաբերություններ ունեն: 

Վարչապետի կինն այդ աղմուկից հետո հրաժաարվել է պատվավոր տնօրենի պաշտոնից: Տվյալ գործարքը ձևակերպած Ֆինանսների նախարարությունը երկար ժամանակ ժխտել է փաստաթղթերի կեղծման փաստը: Սակայն Asahi-ի ներկայացրած անհերքելի փաստերը ոտքի են հանել երկրի ընդդիմությանը, որն էլ շատ սուր կերպով դրել է վարչապետ Ակիե Աբեի պաշտոնաթողության և անձնական պատասխանատվության հարցը:

Նման իրավիճակներ, անկասկած, մեր մոլորակի ցանկացած երկրում էլ կարող են առաջանալ,  սակայն ամեն երկրում դա յուրովի լուծում կգտնի: Կան պետություններ, որտեղ արմատավորված բարքերը ամենաբարձր դիրք զբաղեցնողին անգամ կհարկադրեն ամոթից կարմրել, եթե կարգ ու օրենք է խախտել: Բայց երկրներ էլ կան, որտեղ նման թալանն ու կեղծիքը ընդամենը ճարպկություն ու դիրքի ընձեռած առավելություն են դիտվում: