Ոստիկան էլ կա, ոստիկան էլ

Ստեղծված ծայրահեղ իրավիճակներում մարդու առաջին արձագանքը հավանաբար կարող է լիովին բացահայտել նրա մարդկային նկարագիրը՝ անկախ նրանից, թե այդ մարդն ինչ մասնագիտություն է ունի կամ ինչով է զբաղվում: Չինաստանում նման մի իրավիճակ լիովին բացահայտել է, որ ոստիկանության սպան կայծակնային արագությամբ է կողմնորոշվում և իսկական տղամարդուն վայել ասպետությամբ նետվում է օգնության:
 
Դեպքը պատահել է բուռն կերպով վիճող ամուսինների բնակարանի պատուհանի տակ, իսկ ոստիկաններին այնտեղ էր տարել ընտանեկան գժտությունը հանդարտեցնելու և ամուսիններին հաշտեցնելու անհրաժեշտությունը: Խաղաղարար այս մտադրությամբ այնտեղ գնացած ոստիկանության սպան չի էլ մտածել, որ իրեն վիճակված է ոչ միայն մարդկային կյանք փրկել, այլև վնասվածքներով հայտնվել հիվանդանոցում (հաղորդում է 120 կայքը):
 
Խիզախ տղամարդը, նկատելով պատուհանից վայր ընկնող անծանոթուհուն, առանց երկար-բարակ մտածելու նետվել է՝ նրան բռնելու: Դա նրան հաջողվել է, և կինն անվնաս է մնացել, բայց… վնասվել է հենց ինքը: Չինական ոստիկանությունն այժմ փորձում է պարզել, թե որն է եղել բորբոքված վիճակում  ամուսնու հետ հարաբերություններ պարզող կնոջ ընկնելու պատճառը՝ չի՞ կարողացել հավասարակշռությունը պահել, թե՞ ցած է նետվել իրեն համակած հույզերին տեղի տալով: Այս միջադեպը նաև կարող է հպարտությամբ լցնել մնացած ոստիկանների սրտերը, չէ՞ որ այն շոյել է նրանց համազգեստի պատիվը:
 
Ցանկացած համազգեստ կրող վերջիվերջո մարդ է, ու նաև նրա ժառանգած գեներից, ստացած դաստիարակությունից, դավանած արժեքներից է կախված, թե ծայրահեղ իրավիճակներում իրեն ինչպես կդրսևորի: Մեր ժամանակներում ընտանեկան ավանդույթներն այնքան են թուլացել, ավանդական արժեքներն այնքան են էժանացել ու խեղաթյուրվել, որ մարդկային պարզ արարքները սկսել ենք հիացմունքով ու զարմանքով ընդունել: