Պաշտոնյաներին քննադատես՝ ազատությունից կզրկվես

Աշխարհի ամենամեծ կղզային պետություն Ինդոնեզիայի խորհրդարանն աղմկահարույց մի որոշում է ընդունել, որը չի տեղավորվում նրա սահմանադրության մեջ ամրագրված ժողովրդավարության դրույթի ծիրում:
 
Ըստ այս նոր օրենքի՝ երկրի քաղաքացիները պաշտոնյաներին քննադատելու իրավունք չունեն, իսկ եթե նման բան փորձեն՝ կդատապարտվեն ազատազարկման: Ճիշտ է, այս փաստաթուղթն ուժի մեջ կմտնի միայն այն ժամանակ, երբ այն ստորագրի երկրի նախագահ Ջոկո Վիդոդոն, միայն թե նա օրենքին դեմ է և հրաժարվում է ստորագրել:
 
Երկրի նախագահի հրաժարվելը, պարզվում է, չի կարող այս փաստաթղթի առաջն առնել, քանի որ նա «վետոյի» իրավունք չունի: Անգործունյա, կաշառակեր, անբարոյական կամ անձեռնահաս պաշտոնյաներին քննադատել փորձող քաղաքացիների միակ հույսն այժմ մնում է Ինդոնեզիայի Սահմանական դատարանը: Նրա ներկայացուցիչը տեղեկացրել է, որ այդ որոշումը հետ կանչելու մասին մի քանի խնդրագիր արդեն ստացվել է, սակայն դրանց ուսումնասիրումը կարող է ամիսներ տևել (հաղորդում է ռուսական «Լենտան»):  
 
Ուշագրավ է, որ այս փաստաթղթի ուժով ազատազրկում է սպառնում նաև այն մարդկանց, ովքեր մարտի 15-ին դատարանի առջև ելույթ են ունեցել՝ սպառնալով այն չեղարկել: Այս տրամաբանությանը հետևելով՝ կարելի է ենթադրել, որ երկրի նախագահին էլ է ազատազրկում սպառնում՝ չէ՞ որ նա էլ է դեմ: Եվ ընդհանրապես՝ Ինդոնեզիան բնակչություն թվով աշխարհում չորրորդ պետությունն է՝ այնտեղ ավելի քան 255 մլն մարդ է ապրում: Իսկ սա նշանակում է, որ օրենքի կիրառության դեպքում այս երկրի ազատազրկման վայրերում շուտավ տասնյակ միլիոնավոր բանտարկյալներ կավելանան:
 
Ինդոնեզիայի խորհրդարանում ժողովրդի ընտրյալները համոզված են, որ եթե մարդը հասել է պետական պաշտոնյայի աթոռին, ուրեմն զերծ է որևէ թերությունից, ասել կուզի՝ աստված է: Երևի հին աշխարհում այսպես էին մտածում հզոր տերությունների թագակիրները, երբ իրենց կիսաստված էին հռչակում: Այն ժամանակ նրանք այնքան զարգացած չէին, որ աստվածային պատվի արժանացնեին նաև իրենց իշխանությունն ապահովող բոլոր պաշտոնյաներին, իսկ ահա Ինդոնեզիայում արդեն այդքան հասունացել են: Միակ թերությունն այն է, որ ժողովրդավարության ու բռնապետության գաղափարները  մի փոքր շփոթել են:
 
Այսուհանդերձ՝ Ջակարտայում ընդունված այս օրենքը կարող է մի դրական դեր կատարել: Պետությունների ընդդիմությունները, թերևս փոքրիկ բացառությամբ, քննադատում, սևացնում, անգամ զրպարտում են իշխանությունների ներկայացուցիչներին՝ հույս ունենալով վաղը նրանց փոխարեն իրենք ձեռքն առնել կառավարման լծակները: Նրանք չորն ու թացը խառնում են իրար և երբեմն կարող են իրոք լավ, փորձառու, ազնիվ պաշտոնյային, քաղաքական ժարգոնով ասած, ուղղակի փչացնել, կամ վիժեցնել կառավարությունների լավ ծրագրերը:
 
Ազատազրկվելու վախը գուցե Ինդոնեզիայի քաղաքացիներից շատերին առավել անաչառ ու դիտողունակ դարձնի, իսկ աշխարհի մնացած երկրներում որոշ չափով զգաստացնի քաղաքական զազրախոսներին: