Անկախության գործի՞չ, թե՞ հանցագործ

2017թ. աշխարհում տեղի ունեցած անկախության հանրաքվեներին բարի բախտ վիճակված չէր: Ո՛չ Իրաքի քրդերի անկախությունը կայացավ, ո՛չ էլ Կատալոնիան Իսպանիայից անկախ դարձավ: Այժմ էլ լուր է տարածվել, որ Գերմանիայի սահմանին ձերբակալել են Կատալոնիայի  նախկին առաջնորդ Կառլես  Պուչդեմոնին (տեղեկացրել է Rt.com կայքը):

Իսպանիայի գերագույն դատարանը դեռևս մարտի 23-ին էր Պուչդեմունի և նրա աջակիցների ձերբակալության եվրոպական կարգադրագիրը տրամադրել, իսկ արդեն մարտի 24-ին Ֆինլանդիայի ոստիկանությունը Իսպանիայից դիմում է ստացել Պուչդեմոնի արտահնձնման մասին և տեղեկատվություն փոխանակել: 

Եթե Գերմանիան նրան արտահանձնի, գործը կքննվի Իսպանիայի դատախազությունում:
Պուչդեմոնին սատարող կոչերով են հանդես եկել գերմանացի իրավապաշտպանները:

«Ճնշված ժողովուրդների պաշտպանության միջազգային միության» գերմանական վարչության տնօրեն Ուլրիխ Դելիուսը կարծիք է հայտնել, որ կատալոնացի քաղաքական գործիչների նկատմամբ հանցագործի պես վարվելը Կատալոնիայում տիրող իրավիճակի բարելավմանը չի նպաստի, այլ միայն ավելի կխորացնի:

- Գերմանիան չպետք է իսպանական կառավարության հրամաններով շարժվի: Կատալոնական խնդրի քաղաքական լուծումը գտնելու համար Իսպանիան ոչինչ չի անում, այլ միայն դատավորներին հանձնարարում է անկախության կողմնակիցներին բանտ ուղարկել,- իրավապաշտպանի խոսքերն է փոխնցել DW.com-ը:

Թվում է` ժողովրդավարությունը որպես պետությունների կառավարման միակ կարգ հռչակած և դրա անունով բոլոր երկրների գործերին միջամտել փորձող Եվրոպայում պետք է որ Կատալոնիայի անկախությունն այսպես սրերով չընդունվեր: Բարսելոն կենտրոնով ինքնավար մարզի անկախության հանրաքվեն, որ ավելի քան վեց ամիս առաջ «այո» արդյունքը գրանցեց, այդպես էլ որևէ երկիր չճանաչեց: Իսկ Իսպանիայի իշխանությունները սկսեցին հետապնդել նրա նախաձեռնողներին ու առաջին հերթին Կատալանիայի առաջնորդ Պուչդեմոնին, ով հասցրել էր այնտեղից հեռանալ: 

Իսպանիայի դատական իշխանությունները, կասկած չկա` կգտնեն ու պերճախոս կերպով կձևակերպեն  Պուչդեմոնին դատապարտելու մեղադրանք: Գուցե Կատալոնիայի անկախության գաղափարն, իրոք, այնքան էլ հրատապ չէ, բայց այն հստակ ցույց տվեց՝ ոչ մի պետություն չի հանդուրժում, որ իր տիրապետությունից որևէ բան դուրս մնա: Դրա համար պետապարատի  տրամադրության տակ կան ներքին ուժեր, դատարան, զինուժ, դիվանագիտական խողովակներ և այլն: Իսկ նման գործելակերպից ավելի հաճախ տուժում են հասարակություններ, որոնց անկախությունը պարզապես անհրաժեշտություն է: