Ավելի վատ, քան սառը պատերազմի ժամանակ էր

Երեկ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության հարաբերություններին է անդրադարձել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:
 
Պատասխանելով ռուս դիվանագետներին ԱՄՆ-ից արտաքսելու վերաբերյալ լրագրողների հարցին՝ նա ներկա ժամանակները համեմատել է սառը պատերազմի տարիների հետ:
 
- Ես շատ մտահոգ եմ: Ես տեսնում եմ, որ մենք վերադառնում ենք դեպի մի իրավիճակ, որը նշանակալի չափով նման է նրան, ինչ կար սառը պատերազմի ժամանակաշրջանում,- նշել է նա:
 
Ընդ որում՝ միջազգային կառույցի ղեկավարը մեր օրերն առավել վտանգավոր է համարում, քան այն ժամանակ էր. 
 
- Նաև ակնհայտ տարբերություններ կան: Սառը պատերազմի տարիներին երկու գերտերություններն էլ իրավիճակը լիովին վերահսկում էին: Հիմա մենք տեսնում ենք բազմաթիվ խաղացողների, որոնք համեմատաբար անկախ են և կարևոր դեր են խաղում շատ հակամարտություններում, որտեղ ծավալման վտանգ կա: Այն էլ կա, որ սառը պատերազմի տարիներին  գործում էին կապի և վերահսկողության լծակներ, որոնք հնարավորություն էին տալիս  լարվածության աճի դեպքում խուսափել միջադեպերից: Այդ մեխանիզմներն այժմ հանվել են, քանի որ սառը պատերազմն ավարտվել էր, և նման կարգի նախազգուշությունների անհրաժեշտությունը վերացել էր: Ես կարծում եմ՝ արդյունավետ շփումներ  երաշխավորող նախազգուշության միջոցներն անհրաժեշտություն են:
 
Ըստ էության՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մատնանշել է սառը պատերազմը հիշեցնող նոր իրավիճակ, որը գուցե արդեն բանաձևել է Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը: «Ավանգարդն» արդեն գրել է, որ սերբ քաղաքական գործչի խոսքով՝ աշխարհում այսօր ոչ թե սառը, այլ սառցային պատերազմ է ընթանում: Իսկ սա նշանակում է, որ կարծր սառույցն ավելի դժվարությամբ տեղի կտա, քան նույնիսկ ամենասառը ջուրը:
 
Կարևորը «հիվանդությունն» ախտորոշելն է, որը կարծես սկսել է նշմարվել: Իսկ «բուժումը» թերևս պետք է սկսել Գուտերեշի «նշանակումից», այն է՝ արդյունավետ շփումներ  երաշխավորող նախազգուշության միջոցներն անհրաժեշտություն են: