Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը՝ ՌԴ-ին դաս տալու հարմար հարթակ

Ռուսաստանի վերաբերյալ Արևմուտքի բացասական վերաբերմունքի շրջանակները ներառում են նաև մարզական խաղերը: Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից ռուսներին զրկեցին, իսկ ահա ֆուտբոլի աշխարհի առաջնության վայր ընտրված է հենց Ռուսաստանը: Սովորաբար նման խաղերի հանդիսատես են դառնում տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց շրջապատը: Խաղերը դիտելու նպատակով ՌԴ այցելելուց հրաժարվելն այժմ դարձել է այդ երկրին «դաս տալու» ևս մեկ միջոց:
 
Դանիայի վարչապետ Լարս Լոկե Ռասմուսենը հայտարարել է, թե չի կարող երաշխավորել, որ երկրի թագավորական ընտանիքը և նախարարները ներկա կլինեն Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Այդ մասին տեղեկացրել է championat.com կայքը: Դանիայի վարչապետն ընդգծել է, որ հարկավոր է Ռուսաստանի նկատմամբ կոշտ միջոցներ կիրառել՝ ցույց տալու համար, որ նրա պահվածքն անընդունելի է են համարում: Դրանից առաջ ֆուտբոլի աշխարհի այս առաջնությունը բոյկոտելու մասին հայտարարել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչից հետո դրան միանալու պատրաստակամություն էին հայտնել Լեհաստանի, Շվեդիայի, Իսլանդիայի ղեկավարները:
 
Իսկ ահա մեծբրիտանական հետախուզությունը հայտարարել է, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ծրագրում է այդ խաղերի ժամանակ գրոհներ կազմակերպել՝ թիրախ ունենալով անգլիացի հանդիսատեսին: Тhe Sun պարբերականը տեղեկացրել է, թե Telegam մեսենջերի հավելվածից վերծանվել են ԻՊ-ի ուղարկած տեսանյութերն ու լուսանկարները, որոնք նկարագրում են միջազգային մրցաշարի վրա ահաբեկչական խմբավորման հարձակման բոլոր մանրամասները: 
Հետախուզության տվյալներով՝ հարձակումներ են նախատեսվում, օրինակ, դրոնների միջոցով, որոնք կարող են լիցքավորված լինել քիմիական և կենսաբանական նյութերով. նաև զգուշացնում են մահապարտ ահաբեկիչներից, որոնք կարող են թափանցել մարզադաշտեր:  
 
Նշենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվելու է հունիսի 14-ից հուլիսի 15-ը՝ ՌԴ մի շարք քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ-Պետորբուրգում, Կալինինգրադում, Վոլգոգրադում, Նիժնի Նովգորոդում, Սամարայում, Սարանսկում, Դոնի Ռոստովում, Եկատերինբուրգում և Սոչիում:  
 
Չի բացառվում, իհարկե, որ ահաբեկչության ահազանգը ևս մի միջոց է՝ աշխարհի տարբեր երկրների հնարավոր հանդիստեսին ՌԴ-ից հեռու պահելու և ակնկալվող եկամուտներից նրան զրկելու նպատակով: Բայց նաև հնարավոր է՝ Սիրիայում և մյուս թեժ գոտիներում ոտքի տակի հողը կորցրած ահաբեկիչների համար այդ խաղերը ամենահարմար վայրն են, որպեսզի վերստին գործի դնեն մահվան մեքենան և անմեղ մարդկանց կյանքեր հնձեն: Այդ դեպքում ՄԲ հետախուզությունը փաստորեն ՌԴ-ի ուժայիններին լավություն է անում՝ նրանց ձեռքը տալով կարևոր տվյալներ, որի շնորհիվ վերջիններս ահաբեկությունները կկանխեն ու կփառաբանվեն:
 
Երրորդ մի վարկած էլ կարող է գործել. ահաբեկիչները մոլորեցնում են՝ կոնկրետ ժամկետ ու վայր նշելով. Նշված վայրերում ու ժամկետներում կանխարգելիչ միջոցներ կձեռնարկվեն, իսկ իրենք կհարվածեն բոլորովին ուրիշ մի տարածքի և ուրիշ մի օր:
 
ՄԱԿ-ը մի ահավոր թիվ է հրապարակել՝ մեկ տարվա ընթացքում ամբողջ աշխարհում 11 000 ահաբեկչություն է իրականացվել: Միայն թե երևում է՝ մեծ տերություններն այսքանը հասկանալու համար դեռևս բավականաչափ չեն հասունացել: Իսկ կռվարար «խակ պատանիների» ու նրանց մերձավորների գլխին միշտ էլ փորձություններ են թափվում: