Դոնալդ Թրամփ-Կիմ Չեն ԸՆ հանդիպումը սկսել է ուրվագծվել

Որքան էլ Մերձավոր Արևելքի «ճակատում» ԱՄՆ-ը քաղաքական ու ռազմական թեժ մարտեր է մղում, աչքաթող չի անում նաև Հյուսիսային Կորեայի հետ կապված միջուկային խնդիրը: 2018թ. սկզբից նկատվող՝ Կիմ Չեն Ընի ընդառաջող պահվածքը կարծես հույսեր է ներշնչում, թե միջուկային պատերազմի խաղաղօվկիանոսյան օջախը դեռևս անթեղված կմնա: Վաղուց է խոսվում երկու երկրների նախագահների անձնական հանդիպման հնարավորության մասին, և ահա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջապես մոտավոր ժամկետ է նշել:
 
Սպիտակ տանը տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ նա ասել է, թե ԿԺԴՀ նախագահի հետ իր հանդիպումը տեղի կունենա մայիսին կամ հունիսի սկզբին: Թրամփը նաև ընդգծել է, թե Վաշինգտոնը «կապեր է պահպանում» Հյուսիսային Կորեայի հետ: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի վերաբերյալ «ազնիվ գործարքի» է ձգտում: Ընդ որում իրեն համեմատել է ԱՄՆ մյուս նախագահների հետ՝ շեշտելով, թե նման համաձայնագիր կարող էին կնքել նաև իր նախորդները (հաղորդում է ՏԱՍՍ-ը): 
 
- Այժմ առջևում հանդիպումն է Հյուսիսային Կերայի հետ, և դա անչափ հետաքրքիր է լինելու ամբողջ աշխարհի համար,- իր խոսքը եզրափակել է Միացյալ Նահանգների ղեկավարը: 
 
Մինչ այդ Թրամփը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ զրույցում նշել էր, որ մտադիր է Կիմ Չեն Ընի հետ հանդիպել միչև մայիսի վերջը: Առայժմ չի հստակեցվում, թե որտեղ է տեղի ունենալու երեք պետությունների նախագահների վեհաժողովը: Նրանց հյուընկալելու մտադրությամբ Շվեդիան արդեն հրավեր է ուղարկել: ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, թե հանդիպումը կարող է տեղի ունենալ Հեռավոր Արևելքի ռուսական հատվածում: Իսկ ահա Փհենյանի, Սեուլի ու Վաշինգտոնի ներկայացուցիչները, ինչպես հայտնի է դարձել ավելի վաղ, բանակցություններ են վարել Ֆինլանդիայի հետ: Դրանցում մասնավորապես քննարկցել է նաև եռակողմ վեհաժողովի հնարավորությունը:
 
Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը արդեն խոսել է Կորեական թերակղզու հնարավոր ապամիջուկայնացման մասին: Ըստ էության՝ նախատեսված վեհաժողովի նպատակն էլ հենց դա է՝ միջուկային զինանոցից զրկել ԿԺԴՀ-ն, որը ամբողջ տարածաշրջանի, եթե չասենք՝ ամբողջ աշխարհի համար, մեծագույն գլխացավանք է դարձել: Իրանի հետ միջուկային համաձայնագիր կնքած Միացյալ Նահանգներն այժմ ամեն ինչ անում է՝ պայմանագրի մնացած կողմերին համոզելու համար, թե Իրանը դրա կետերը չի կատարում, ուստի հարկավոր է այն վերանայել: 
 
Թե ինչ տեսք կունենա և ինչպես կգործի Հյուսիսային Կորեայի հետ ենթադրվող նմանօրինակ պայմանագիրը՝ դեռ վաղ է ենթադրել: Պարզ է մի բան՝ հենց ԱՄՆ-ը որոշի, որ պատժամիջոցներից ձերբազատվելը վերստին ուժեղացնում է Հյուսիսային Կորեան, դարձյալ գործի կդնի վերանայելու անհրաժեշտության քարոզը կամ ուղղակի պատերազմ կսանձազերծի: Աշխարհում ահավոր քանակությամբ զենք է կուտակվել, այն օրեցօր ավելանում է բազմահազար զինագործարանների համառ ջանքերով: Մեր օրերում զենքը, թերևս, ամենաթանկ ապրանքն ու ամենաեկամտաբեր ձեռնարկն է: Իսկ պատերազմները նրա համար են, որ միշտ ծաղկի զենքի բիզնեսը: