Ինչպիսի՞ ԵՄ է ուզում տեսնել Ֆրանսիայի նախագահը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է Եվրամիության անվտանգության, ինքնիշխանության, դրա ներսում առկա բաժանումների անտրամաբանական լինելու և Մերձբալթյան երկրների հետ Ֆրանսիայի սերտ առնչությունների մասին: Առիթը եղել է Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի նախագահներ Ռայմոնդս Վեյոնիսի, Դալյա Գրիբաուսկայտեի և Կերստի Կալյուլայդի  հետ հանդիպումը, որն ամփոփելով՝ Մակրոնը ելույթ է ունեցել Փարիզի Օրսեի թանգարանում: Այնտեղ բացվել է 20-րդ դարասկզբի մերձբալթյան գեղանկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը:
 
- Կարծում եմ՝ կարելի է խոսել այն մասին, որ մենք բոլորս (նկատի ունի Ֆրանսիան և մերձբալթյան երեք երկրները) աներկբա ցանկանում ենք ունենալ ինքնիշխան Եվրոպա, որը կարող է իրեն պաշտպանել ցանկացած արտաքին սպառնալիքից, որը կարող է պաշտպանել իր ինքնիշխանությունը: Ու նաև ցանկանում ենք ունենալ հավակնոտ Եվրոպա, որը ձգտում է արդիականանալ, նոր նվաճումներ ունենալ, առաջ շարժվել,- ասել է Ֆրանսիայի նախագահը: 
 
Մակրոնը հատկապես շեշտել է, որ Ֆրանսիան մերժում է Եվրամիության ներքին բաժանումները տարբեր խմբերի և առաջարկում է միասնական Եվրոպայի նախագիծ, որտեղ ամեն մասնակից կարող է ընտրել սերտաճման սեփական ուղին: 
 
- Ֆրանսիան, Լատվիան, Լիտվան և Էստոնիան սերտորեն առնչվում են եվրոպական նախագծին՝ մեր ճակատագրի համագործակցությանը: Ես լի եմ վճռականությամբ՝ նաև հետագայում մերժելու Եվրոպայի ներսում խմբավորման ամեն մի տրամաբանություն:  Չկա Հյուսիսային Եվրոպա մի կողմից և Հարավային՝ մյուս կողմից: Չկա արևելյան Եվրոպա՝ ընդդեմ Արևմուտքի, չկան հին և նոր հակադրություններ: Իմ նախագահության ամենասկզբից ես պնդում եմ, որ այդ բոլոր բաժանարար գծերը հարկավոր է հաղթահարել,- նշել է նա: 
 
Սրված միջազգային հարաբերությունների արդի պայմաններում նա կարևորել է նաև Եվրամիության անվտանգությունն ու պաշտպանունակությունը: Իսկ դա, նրա խոսքերով, պահանջում է առավել սերտ համագործակցություն Ֆրանսիայի և բալթյան երկրների միջև՝ պաշտպանության ոլորտում: Նրանք ժամանակին ընտրել են Եվրամիությունը, և դա առավել կարևոր է հատկապես «այսօրվա բացառապես անհանգիստ ու անորոշ միջազգային հարաբերությունների պայմաններում»: Մակրոնը հիշեցրել է, որ Մերձբալթյան երեք երկրները Ֆրանսիայի հետ արդեն իսկ համագործակցում են ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում:
 
Եվրամիության նման ազդեցիկ, հսկայածավալ միավորի կայունությունն ու ինքնիշխանությունը չի կարող չմտահոգել նաև աշխարհի մնացած հատվածին, մանավանդ՝ հենց այնտեղ են հոսում նաև անապահովների, ռազմական բախումներից ու զանազան միջադեպերից փախստական դարձած մարդկանց մեծամեծ զանգվածներ: Թե մեր «բացառապես անորոշ» ժամանակներում որքանով կիրականանան Ֆրանսիայի նախագահի ծրագրերն ու կանխատեսումները ԵՄ-ի համար, ժամանակը ցույց կտա: Բայց շատ կարևոր է, որ ինքնիշխան ու անվտանգ ԵՄ-ն կարողանա հարգել իրենից դուրս առկա պետությունների ինքնիշխանությունն ու անվտանգությունը: Իսկ գուցե սա է նաև դեպի սեփական ինքնիշխանություն ու անվտանգություն տանող ամենակարճ ուղին: