Մարդկությունը կարո՞ղ է առանց պատերազմների ապրել

Վերջին ամիսներին ռազմական գործողություններով փառավորված Թուրքիային ըստ երևույթին սկսել է դավաճանել տնտեսությունը: Թուրքական լիրան այս պահին արժեզրկվել է` ինչպես երբեք: Եթե մեկ ամիս առաջ 1 դոլարը հնարավոր էր գնել 3,7 լիրայով, այժմ արդեն հարկ է վճարել 4,18 լիրա: Այդ երկրում դոլարային ներդրումներ արած և ապրանքների ներմուծմամբ զբաղվող բազմաթիվ խոշոր ընկերություններ արդեն զգում են դրա ծանր հետևանքները:

Ուշագրավ է, որ Թուրքիայի ֆինանսների նախարարը մի քանի օր առաջ երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել ծախսերը սահմանափակել, որպեսզի հնարավոր լինի խուսափել ճգնաժամից: Դրանից հետո նախարարին հրապարակավ նախատել է նախագահ Էրդողանը, որի հնարավոր զայրույթը Կենտրոնական բանկին մղում է` չխոսել արժեզրկման մասին խոսել:

Լրատվամիջոցները նաև նշում են, որ այսպես կոչված թուիթերյան դիվանագիտության համապատկերին ամերիկյան և ռուսական բորսաներում անկում է գրանցվել: Ոմանց կարծիքով` տարօրինակ, ոմանց համոզմամբ` օրինաչափորեն տագնապալի անկում է արձանագրել նաև ռուսական ռոբլին: Ահա այսպես` ռազմական գործողությունները կամ դրանց հնարավորությունն անմիջապես հարվածում են երկրների տնտեսությանը, իսկ դա առաջին հերթին անդրադառնում է հասարակ քաղաքացիների վրա` աղետ դառնալով խոցելի խավերի համար: Բուն ռազմական գործողությունների` ռմբակոծությունների, օդային հարվածների, ահաբեկիչների գրոհների և այլնի հնարավոր զոհերը նույնպես հիմնականում հենց խաղաղ բնակչությունն է լինում:

Երևի սա է պատճառը, որ պետությունների ղեկավարներն ու բարձրաստիճան զինվորականներն իրենց հաճախ չարդարացված, երբեմն էլ երևակայությունից վեր հավակնություններին ընդառաջ են գնում` փորձելով նպատակին  հասնել պատերազմով: Որովհետև ո՛չ զոհվողն ու վիրավորվողն են իրենք լինում, ո՛չ էլ զրկանքների ու տառապանքների ենթակվողը: Բացառություններ, իհարկե, այստեղ էլ են լինում: Բայց իրենք ուրիշների արյան ու տառապանքի գնով կարող են փառք, իշխանություն ու հարստություն ձեռք բերել:

Կարո՞ղ է մի պատմաբան մեր մոլորակի պատմությունը շարադրել` առանց հիշատակելու պատերազմները: Իսկ մենք հո տեսնում ենք, թե աշխարհի հզորներն ինչ համառությամբ են ամեն օր իրավիճակներ սադրում, որպեսզի առիթ ստանան հակառակորդներին ցույց տալու իրենց ուժն ու իշխանությունը:

Իսկ գուցե այս ամենի պատճառը պետք է փնտրել հասարակությունների արժեհամակարգերի մեջ, որոնք ձևավորում են նրանց դավանած կրոններն ու համակրած քաղաքական կուսակցությունները: Մինչդեռ կա պարզ մի իրողություն` ցանկացած կրոն ձգտում է հնազանդեցնել իր հավատացյալներին ու տարածվել, իսկ բոլոր կուսակցություններն ու քաղաքական միավորները ձգտում են իշխանության գալ` թելադրող դառնալու համար: Մեր ժամանակներում կա՞ մի հակամարտություն, որի հիմքում այս երկու գործոնները չեն դրված: