Ուկրաինան լքում է ԱՊՀ-ն

Ռուսաստանի դեմ Արևմուտքի արշավում առանցքային դեր է վերապահվում Ուկրաինային: Թերևս դրա համատեքստում է նաև այդ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կարգադրությունը կառավարությանը՝ մեկնարկ տալ ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացին: Այդ մասին Մայդանի ալիքին Ուկրաինայի նախագահի աթոռին հայտնված Պորոշենկոն խոսել է անվտանգության հարցերով կիևյան համաժողովի ժամանակ:
 
- Պետք է խնդրեմ, որ մենք, կառավարության հետ միասին, նախապատրաստենք պաշտոնական առաջարկ այն մասին, որ դադարեցնում ենք անդամակցությունը ԱՊՀ հիմնադիր մարմիններին, ինչպես նաև վերջնականապես փակում ենք ուկրաինական ներկայացուցչությունները Մինսկում գտնվող համապատասխան կառույցներում,- Պորոշենկոյի խոսքերն է փոխանցել «Գազետա» պարբերականը: 
 
Պորոշենկոն նշել է, որ ԱՊՀ շրջանակում Ուկրաինայի կնքած բոլոր փաստաթղթերը պետք է վերանայվեն, որպեսզի փոփոխությունից հետո բխեն երկրի ազգային շահերից: Այսպիսով, ԽՍՀՄ փլուզումից հետո այդ հսկա երկրի նախկին հանրապետություններից կազմված՝ Անկախ պետությունների համագործակցությունը ևս մեկ քայլով հեռացավ իր նախատիպից (այսինքն՝ ԽՍՀՄ-ից): Հիշեցնենք՝ «Ռուսական համագործակցություն» այլընտրանքային անունն ստացած այս կառույցին Մերձբալթյան երկրներն այդպես էլ չանդամակցեցին, իսկ Վրաստանն իր անդամությունը դադարեցրեց 2008թ.:
 
Պորոշենկոյի այս հայտարարությունը նրանով է անսպասելի, որ հանկարծ հիշեցնում է՝ Ուկրաինան դեռևս ԱՊՀ անդամ է: 
 
Կարծես Պորոշենկոյի հայտարարությանն արձագանքելով՝ Ուկրաինային օգնելու անհրաժեշտությունից են խոսել ԱՄՆ Սենատում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ ապրիլի 12-ին արտասահմանյան գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ նման տեսակետ է հայտնել ԱՄՆ նոր պետքարտուղար Մայքլ Պոմպեոն: Ֆլորիդա նահանգից հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն ԱՄՆ արտաքին գործերի գլխավոր պատասխանատուին ուղղակի հարց է ուղղել.
 
- Համարո՞ւմ եք արդյոք, որ Միացյալ Նահանգները պարտավոր է Ուկրաինային օգնել՝ պաշտպանելու իր անկախությունը:
 
- Այո,- պատասխանել է Պոմպեոն: 
 
ԱՄՆ պետքարտուղարը չի պարզաբանել, թե այդ օգնությունը հատկապես ինչ ձևեր պետք է ընդունի, ո՛չ էլ ամերիկա-ուկրաինական հարաբերություններին առնչվող որևէ մանրամասն է նշել: Եվ դրանք, թերևս, կարևոր էլ չեն՝ Արևմուտք-Ռուսաստան առճակատումը ևս մեկ խոր ճեղքվածք է տվել ռուսական դաշտում, և ԱՄՆ-ի համար ամենակարևորը  դա է:
 
Թե այս բոլոր գործընթացներն ի՞նչ կտան հենց Ուկրաինային՝ երևի դեռևս պարզ չէ: Համենայնդեպս, մինչև այսօր այնտեղ կարծես, հակամարտության խորացումից ու սին խոստումներից բացի, որևէ նշանակալի աջակցություն չի հասել: